16 / Օգոստոս / 2021 : 13-50

Նարինե Ալեքսանյանը՝ 3 տարի ինստիտուտ չընդունվելու և Խորեն Աբրահամյանի մոտ սովորելու մասին

Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը մանկության, դերասանուհի դառնալու որոշման,բազմաբնույթ դերերի և դիմացկունության սահմանի մասին:
-Ի՞նչ գույն ունի Ձեր մանկությունը:
-Ինձ թվում է՝ ինչքան գույն կա, այդքանն էլ ունեցել եմ: Մանկությունս շատ գունեղ է անցել, անվերջ գույների, լույսերի, անվերջ գույն բացահայտելու, ինքս ինձ բացահայտելու երջանիկ մանկություն եմ ունեցել :Ինչ ուզեցել եմ, ինձ տրվել է՝ սկսած խմբակներից վերջացրած համերգներով: Եթե ասեմ ծիածանի 7 գույներն էլ, ապա կսահմանափակեմ ծիածանի գույները: Բազմերանգ է եղել գույներս կտավների պես,լավ նկարչի կտավի պես մանկություն եմ ունեցել:

-Դուք գյումրեցիների ավանդապաշտ ընտանիքից եք:Հե՞շտ տրվեց Ձեզ դերասանուհի դառնալու որոշումը: -Այո՛, ես գյումրեցի եմ, ծնողներս էլ գյումրեցի են, և ընտանիքս էլ ավանդապաշտ է եղել: Ես չեմ մտածել՝ եղել է այդպիսի օր, որ ես որոշում եմ կայացրել: Ես գիտեի, որ դառնալու եմ դերասանուհի, որևէ այլ մասնագիտական կրթության մասին չեմ էլ մտածել:Իսկ որպեսզի ավելի հեշտ տաներ իմ հայրը որոշմանս մասին, ես սիրով համոզում էի հորս, որ կդառնամ հաղորդավարուհի, կշարունակեմ մեր լավագույն հաղորդավարուհու՝ Նառա Շլեպչյանի գործը, և երեբեմն երեկոներին թերթը դնում էի առջևս, ստեղծում հեռուստատեսության պատկեր և կարդում էի, խոսում, պատմություններ պատմում և ստիպում էի ընտանիքիս անդամներին հետևել իմ հեռուստահաղորդմանը, երբեք այլ մասնագիտության մասին չեմ մտածել:Մայրս սիրով ընդունում էր իմ որոշման համառությունը, իսկ հայրս երբեմն ընդվզում էր, բայց թատրոնի հանդեպ սերը հաղթեց, հայրս էլ տրվեց այդ հոսանքին:Դպրոցն ավարտելուց հետո 2-3 տարի չէի անցնում քննական շեմը և դուրս էի մնում ինստիտուտից, աշխատում էի գործարանում, որպեսզի ստաժ ունենամ և փորձեմ ուժերս թատերական ինստիտուտում, այդ ժամանակ կտրուկ ամեն ինչ փոխվեց, երբ թատրոն եկավ Խորեն Աբրահամյանը և դարձավ թատրոնի ռեժիսոր և հավաքեց թատրոնին կից դերասանական ստուդիա: Ես գնացի այդ ստուդիա, հայրս միամտաբար կարծեց, որ «հավեսս կհանեմ», չիմանալով, որ Խորեն Աբրահամյանի մոտ ուսանելը նշանակում է ավելի խրվել թատրոնի ասպարեզ և ավելի ու ավելի սիրել այդ մասնագիտությունը: Եվ մինչև օրս էլ այդ «հավեսը հանելու» պրոցեսի մեջ եմ, որովհետև ընդունվեցի թատերական ինստիտուտ, ավարտեցի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը և աշխատեցի լավագույն թատրոններում:
-Դուք բազմաբնույթ դերասանուհի եք, ո՞ր դերն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Դերասանուհու համար, գոնե ինձ համար, խաղալ միայն կոմիկական դերեր, պատիժ է, խաղալ միայն դրամատիկ դերեր, նույնպես պատիժ է,համեմունքով և ասելիքով պիտի լինի դերասանուհին, և՛ լրջության մեջ, և՛ կոմեդիայի մեջ: Կյանքում էլ է այդպես, մարդ չի կարող միշտ լուրջ լինել կամ միշտ կատակասեր:Ես սիրով խաղում եմ և՛ կոմեդիա, և՛ դրամատիկ դերեր: Հիմա իսկապես մի տարիքում եմ, երբ կարողանում եմ հայտ ներկայացնել լուրջ դերերի համար էլ:Ես պատիվ ունեցա խաղալու Գոյ թատրոնում Արթուր Սահակյանի բեմադրած Վիլյամ Սարոյանի «Քարանձավի բնակիչները» պիեսում, որտեղ մեծ Շեքսպիրի լավագույն մենախոսություններն էին տեղ գտել ռեժիսորական մտքի շնորհիվ: Այս ներկայացման մեջ ինձ լիարժեք էի զգում, ինչպես ձուկը ջրում:Յուրօրինակ են Անուշ Սարգսյանի բեմադրած «Սիրային իրարանցում», «Իմ կինը, ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը» ներկայացումները: Չեմ կարող չառանձնացնել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի լավագույն դրսևորումներից մեկը՝ Թամար Հովհաննիսյանի բեմադրած «Վերջին կանգառը»: Կոմեդիայի լավագույն դրսևորում է Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Չինացին էլ կարող է հայ լինել» ներկայացումը, լուրջ գործ է Վարդգես Բարսեղյանի բեմադրած Ժան Կոկտոյի «Նա» պիեսը, և ես հպարտ եմ,որ մեր թատրոնում նաև Կոկտոյին են անդրադարձել: Տարբեր գործեր են և ամեն մեկն իր յուրօրինակ մեկնաբանությունն ունի: Այնպես որ առանձնացնել որևէ դեր չեմ կարող, բոլորն էլ իմն են, և ամեն մի դերին վերաբերվում եմ ակնածանքով, խոնարհումով, սիրով ու պատասխանատվությամբ:
-Սերը թվականներից երկուսն է սիրում: Համամի՞տ եք, որ միակողմանի սերը միայն տառապանք է պատճառում:

-Իհարկե, ես կարծում եմ, որ սերը միակողմանի լինել չի կարող, ո՛չ, ո՛չ և կրկին ո՛չ:
-Հնարավո՞ր է տարիներ շարունակ ապրել միասին և միշտ սիրահարված մնալ միմյանց: -Սիրահարված լինելը անբացատրելի է, տարիների ընթացքում բացահայտում ես քեզ, քո ընտանիքը, քո և ամուսնուդ հարաբերությունները, հետո երեխաներ, կենցաղ: Հետո, երբ իսկապես սիրում եք, դառնում եք համախոհներ, համակիրներ, պարբերաբար վիճում եք, ինքնահաստատվում եք, հաստատուն եք դառնում, իսկ տարիները...դրանք պարզապես ինչ-որ թվեր են: Ես հիմա մտածում եմ, որ հաջորդ տարի մեր ամուսնության 30-ամյակը կմոտենա, սա խենթանալու մի բան է:Իհարկե դժվարություններ կան,ամեն ինչն էլ մարդու համար է:Սերը, ընտանիքը շարունակ փորձությունների շղթա է և եթե կարողանաս այդ շղթան ամրացնել, երբևէ որևէ բան չի փոխի և չի խանդի ձեր շղթան: Մի կետին նայելու բախտավորություն.սա է թերևս ամենակարևորը:
-Ամենավտանգավոր «թշնամիներն» ընկերնե՞րն են:
-Ամենավտանգավոր թշնամին անտարբերությունն է, միջակությունն է,իներտ լինելն է, կարծիք, տեսակ չունենալն է, ոչ թերևս ընկերները:Ես միշտ ընկեր եմ փնտրել և ունեմ ընկերներ, ովքեր կարողանում են ինձ նորից շնչառություն տալ, իմ լավագույն ընկերների շնորհիվ ես երբեմն-երբեմն վերագտնում եմ ինձ: Իմ լավագույն ընկերները թատերական աշխարհից չեն, բայց արտիստներ են բնույթով և տեսակով արտիստիկ են: Թատերական աշխարհում էլ ունեմ լավ ընկերներ, բայց երբեմն գալիս է մի պահ, որ թատրոնի ընկերը քեզ չի կարող տալ այն, ինչը կարող է տալ նկարչուհի ընկերուհիդ՝ Ժանետը, կամ բիզնեսի ընկերուհիդ՝ Նունեն:Նրանք երբեմն թևեր են տալիս, ընկերը չի կարող թշնամի լինել, թշնամին հիմար ինքնագոհությունն է, մարտնչող տգիտությունը, միջակությունն ու անտարբերությունը: Դրանք սարսափելի թշնամիներ են:
-Ինչի՞ց է ամենաշատը սպառվում արտիստը:
-Կենցաղից: Կենցաղը սպանում է գոնե ինձ:Բայց չլինել կենցաղում, այդպես էլ չի լինում: Կյանքը այդպիսի համադրություն է: Բայց ես կարծում եմ՝ կենցաղը սպանում է արտիստին:

-Ի՞նչն է արտիստի դիմացկունության սահմանը:
-Երբեմն չեմ կարողանում դիմանալ և պոռթում եմ: Երբեմն պիտի կարողանաս ճիշտ լռել, որ ժամանակին պոռթկաս: Սահմաններ չեմ սիրում, սահմանները ինձ խորթ են, սահմանների մեջ տեղավորվելիս խեղդվում եմ,սահմանները ինձ խեղճացնում են, դիմանալու սահմանները՝ առավել ևս: Եկեք ապրենք առանց սահմանների՝ ստեղծագործական մտքի թռիչքով:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ քսան տարի անց:
-Ավելի կամեցող, իմաստացած, լայնախոհ ու անպայման հպարտ՝ հաղթանակներով արվեստի և գիտության բնագավառներում: Պատկերացնում եմ ինձ 75 տարեկանում տաք ընտանեկան միջավայրում 2 զավակների ընտանիքով և թոռնիկներով հարստացած, անպայման Վարուժանի կողքին և 75 տարեկանում էլ սիրով կպատասխանեմ նորից Ձեր հարցերին, բայց այս անգամ մեր տանը՝ մեծ և հրաշալի ամառանոցում:

-Ի՞նչ է ուզում կինը...
-Կինն ուզում է խաղաղություն, երջանկություն, ամուր ընտանիք, հզոր պետություն, խելացի, հայրենասեր երկրի ղեկավար, տաք ընտանեկան միջավայր, խաղաղություն, սեր, բարօրություն, բարեկեցություն, այն, ինչը մարդկային է և ինչին ձգտում ենք բոլորս: Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 85201անգամ
Վերջին լուրեր