Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 23 տարեկան։
Ժամկետային զինծառայող գացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը:
Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։