24 / Օգոստոս / 2021 : 17-25

18-55 տարեկան տղամարդիկ կմասնակցեն եռամսյա զորավարժանքների․ Տեսանյութ

2021 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Երեք ամիսների ընթացքում գործատուն պարտավոր է պահպանել հավաքներին մասնակցող անձի աշխատատեղը կամ նրա փոխարեն երեք ամսով աշխատանքի վերցնել մեկ այլ աշխատակցի։ ՊՆ-ն կվճարի վարժական հավաքին մասնակցող անձին։ Նախարարությունից տեղեկացնում են՝ ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կմասնակցեն նաև մարտական հերթապահության՝ այս դեպքում ստանալով ավելի բարձր վճար - գրում է Ռադիոլուրը։

«ՊՆ-ն վճարելու է վարժանքների մասնակցիների աշխատավարձերը, կոնկրետ աշխատավարձի չափ չեմ կարող նշել, դրանք տարբեր են լինելու՝ ելնելով կոչումից, հաստիքից և նշանակված պաշտոնից»,-ասում է ՊՆ զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը։

Երեք ամիսների ընթացքում զինծառայողի վարկային պարտավորությունները ժամանակավորապես չեղարկվում են, նա դրանք կշարունակի մուծել վարժանքից վերադառնալուց հետո։ Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները կարող են օգտվել զինծառայողների արտոնություններից, օրինակ, անվճար բուժզննում կամ բուժում անցնել։ Կան ոլորտներ, որոնցում աշխատող անձանց համար խնդրահարույց է վարժանքներին մասնակցելը, որովհետև քաղաքացիական կյանքում նրանք շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան առաջարկում է ՊՆ-ը։

«Պետությունն ամեն ինչ արել է, որ պահեստազորայինը ոչ մի խնդիր չունենա, ո՛չ ստաժի, ո՛չ ընտանիքը կերակրելու հետ կապված։ Նրա աշխատավարձը պահպանվում է, երեք ամսից վերադառնալուց հետո նորից անցնելու է աշխատանքի։ Առահասարակ, մեր տարածաշրջանում զորահավաքների համար մարդիկ չեն օգտվում որևէ արտոնությունից, օրինակ, նույն Ադրբեջանում այդպես է։ Մենք պետք է հասկանանաք, որ ի վերջո մի երկրում ենք ապրում, որտեղ միշտ պետք է պատրաստ լինեն ռազմակա գործողությունների»,-ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Վարժական հավաքների նպատակը պահեստազորայինների մարտունակությունը բարձրացնելն է, նրանց գիտելիքները թարմացնելը, որովհետև նրանցից շատերը զորացրվել են 15-20 տարի առաջ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ զորահավաքի նպատակներից մյուսն էլ անձնակազմի համալրումն է․


«Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մենք բանակում ունենք կարիք մասնագետների, և չի բացառվում, որ զորավարժանքներից հետո կհայտնվեն մարդիկ, որոնք ցանկություն կհայտնեն զինված ուժերում մշտապես ծառայելու»,-նշում է ռազմական փորձագետը։

Նոյեմբերի 9-ին պատերազմը չի ավարտվել, և վարժական հավաքներ կազմակերպելու մեկնակետը հենց այս իրողությունն է,-կարծում է «Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

«Կարծիքներ կան, որ աշնանը պատերազմ է սպասվում։ Իհարկե, կանխատեսելը անշնորհակալ գործ է, բայց պետք է հաշվի առնել, որ նոյեմբերի 9-ով պատերազմը չի ավարտվել։ Փորձո՞ւմ է ՊՆ-ն այդպիսի սցենարի պատրաստվել, դա համապատասխան պաշտոնյաները ավելի լավ կիմանան»,-ասում է ռազմական փորձագետը։

ՊՆ-ից տեղեկացնում են, որ գաղտնիության ռեժիմից ելնելով վարժանքների վայրերի մասին ինֆորմացիա չեն հայտնում։ Մհեր Հակոբյանի խոսքով՝ եթե վարժանքի մասին անձը տեղեկանար, օրինակ, մեկ տարի առաջ, գուցե կարողանար պատրաստվել թե՛ հոգեբանորեն, թե՛ սոցիալական տեսանկյունից, հիմա տեղեկանում է ընդամենը օրեր առաջ, իսկ 3 ամիսը շատ երկար ժամկետ է վարժանքի համար․ ռազմական փորձագետն իր տարբերակն է ներկայացնում․


«Եթե, իրոք, ուսումնական նպատակներով է սա արվում, իմ կարծիքով՝ սխալ է մեխանիզմը։ Նախ կարելի էր ընդմիջումներ դնել, օրինակ, պայմանական երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ գնար դասի, եթե գնալու է դասի, ինչպես, օրինակ, համալսարան է գնացել։ Երկրորդը՝ կարելի է թույլ տալ, որ գիշերները տուն գնար մարդը, իր ընտանիք։ Հոգեբանորեն էլ է դժվար կտրվել ընտանիքից և ըստ էության՝ մինի ծառայություն անցնել։ Եթե իմ ասած տարբերակով լիներ, մարդը կդադարեր նաև դիմադրել այդ գործընթացին»,-նշում է Մհեր Հակոբյանը։

Վարժանքներից խուսափելու դեպքում, Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասով, անձը կարող է ազատազրկվել մինչև 3 տարի, -ասում է ՊՆ զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը։ Կան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք ազատված են վարժանքներից․

«Վարժական հավաքների ենթակա չեն՝ ըստ 11/74 կարգի, այն քաղաքացիները որոնք պաշտոններ ունեն կամ ունեն առողջական խնդիրներ, իսկ մնացած բոլորը ենթակա են վարժանքների»,-ասում է ՊՆ զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը։

Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում,- ասում է Արմեն Ավթանդիլյանը և ներկայացնում, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվելու զորավարժանքի մասնակիցները․

«Կառավարության որոշման նախագծի մեջ նշվում է առաջին խմբի առաջին կարգը, որոնք պիտի մասնակցեն զորավարժանքին, այստեղ ներառված են հիմնականում այն պահեստազորայինները, որոնք ժամանակին ծառայել են զինված ուժերում և հաշվառվել են պահեստազորում։ Օրենքում այժմ փոփոխություն է կատարվել, նախկինում առաջին խմբի առաջին կարգը ներառում էր մինչև 48 տարեկաններին, այժմ մինչև 53 տարեկաններին։ Առաջին խմբի մեջ է նաև կրտսեր սպայական կազմը, որը ներառում է 18-55 տարեկաններին»,-նշում է ՊՆ զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը։

Օգոստոսի 25-ին կմեկնարկեն վարժական հավաքները, մասնագետների կարծիքով՝ մարտունակության բարձրացման տեսանկյունից սա միակ արդյունավետ տարբերակն է, իսկ թե ինչպիսին կլինի այն գործնականում՝ կհասկանանք ապագայում։
Դիտվել է 25735անգամ
Վերջին լուրեր