Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Օգոստոս / 2021 : 10-08

Պատերազմից 10 ամիս անց գտնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսեյ Ասրյանի դին

Պատերազմից 10 ամիս անց գտնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսեյ Արարատի Ասրյանի դին: Այս մասին գրում են «Մոնթեի Հայաստան» ֆեյսբուքյան էջում:

«Ալեքսեյ Արարատի Ասրյանը երկար որոնումներից հետո գտնվել է՝ հավերժացած ....

10 ամիս անդուլ սպասումներով օրեր մաշող ծնողներիդ համար տրվեց չսպասված վերջակետը: Դու մեռած էիր ողջերի մեջ և վերջին հույսը կարոտով տուն վերադառնալու տեսիլքով էր ապրեցնում: Դու երկրի և երկնքի միջև անվերջ պայքարի հորիզոնում էիր՝ իբրև շարունակվող մարտ, որ պարտությունից առաջ հաղթանակի երգ է ձոնում: Եվ ահա, քո կամքից անկախ, եկավ քո համբարձվելու ժամանակը: Ծնողներիդ 10 ամսվա խռոված հոգուն հանդարտություն բերեցիր, սիրելի Ալեքսեյ: Սպասելով խաբվելն էլ մի բան չէ: Եվ ո՞վ տարավ ձեզ սառնարյուն մահվան արահետով, ո՞ւմ դավադիր հրամանով, ո՞վ լքեց ձեր առաջնորդությունը՝ միայնակ թողնելով ձեզ անկուշտ բերանը բաց մահվան առջև, ո՞վ.... Եվ ո՞վ պիտի պատասխանատվություն կրի ընդամենը 2 ամսվա ծառայության անցած ժամկետայինների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար...
Մահը քեզ ընկերակցել էր արդեն 10 ամիս, իսկ հայրդ չէր հավատում ոչ մի ԴՆԹ-ի թեստի պատասխանի: Անգամ Մոսկվա հասցվեց մասունքներդ՝ վերջնական ճշգրտման համար, ինչն էլ, ցավալիորեն հաստատվեց : Եվ գիտես ինչո՞ւ չէր հավատում, որովհետև հույսն էր ապրեցնում, քեզ տեսնելու, քեզ գրկելու վերադարձի հույսը, ինչը ինքնախաբեություն էր ընդամենը:


... Իսկ այսօր դու մի վերջին անգամ քո տան պատերի ներսում ես, չես եկել, բերել են... բերել են, որ կրկին տանեն՝ այս անգամ արդեն հավերժ... Կիսատ մտքերդ պահ տուր հիշողությանդ, սիրելի Ալեքսեյ, որ մշտագո երազներովդ կիսվես ծնողներիդ հետ, տեսածդ և չպատմածդ սեղմիր մտքիդ, որ հետո տեսիլքներովդ մորդ վառված հոգին հանդարտեցնես: Անսանձ կարոտը շուրթերիդ կպահես, որ հետո, երբ միանաս զինվոր-ընկերներիդ գնդին՝ թաթախես կարոտից ճաքած նրանց շուրթերը որդեկորույս մայրերի համբույրներով: Չպատմես նրանց այս չար իրականության մասին, տղա՛ս, որովհետև հերոս ընկերներդ հաղթանակի բերկրանքով են մարվել:

Ննջիր հանգիստ, հերոս, փարվիր ծվեն եղած հայրենի հողիդ, որպեսզի հողդ քեզանով ուժ առնի՝ նոր հերոսներ ծնելու համար ...»։
Դիտվել է 17338անգամ
Վերջին լուրեր