04 / Սեպտեմբեր / 2021 : 18-37

Կորոնավիրուսով վարակվելուց հետո հղիություն կարելի է պլանավորել միայն երեք ամիս անց. սեքսոպաթոլոգ

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ առիթով tert.am-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ:


-Ինչպե՞ս է ազդում վարակը վերարտադրության վրա։ Ե՞րբ կարելի է պլանավորել հղիություն։

-Տղամարդիկ, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, պետք է ձեռնպահ մնան երեխա պլանավորելու փորձից առնվազն 3 ամիս։ Դա բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամորձիներում, որտեղ արտադրվում են սերմնաբջիջները։ Այս փաստը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Վիրուսը կարող է ամորձիներում ավելի երկար մնալ, քան այլ օրգաններում։ Արդյունքում ամորձիները դառնում են յուրովի «պահեստարաններ», որոնց շնորհիվ վարակը պահպանվում է։ Վարակը կարող է առաջացնել ամորձիների բորբոքում՝ օրխիտ, ինչն էլ իր հերթին կարող է տղամարդու մոտ հանգեցնել սերմնաբջիջների քանակի և որակի նվազման:

Կարևոր է նշել, որ տարած COVID-19 վարակից հետո սերմնահեղուկի որակը նպատակահարմար է գնահատել ապաքինվելուց երեք ամիս հետո։ Ինչու երեք ամիս։ Որովհետև սերմնահեղուկն ամբողջությամբ ձևավորվում և թարմացվում է երեք ամսվա ընթացքում (75-80 օր)։

Հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար հղիության նախապատրաստման ընթացքում, բացի բոլոր անհրաժեշտ հետազոտություններից, ավելի լավ է և՛ տղամարդը, և՛ կինը պատվաստվեն կորոնավիրուսային վարակի դեմ: Ի դեպ, պատվաստումից հետո հասկանալի պատճառներով խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հղիության պլանավորումից 2,5-3 ամիս:


-Վիրուսը փոխանցվու՞մ է սեռական ճանապարհով։

-Ամեն ինչ որոշում է հեռավորությունը։ Հնարավոր է ոչ թե սեռական ճանապարհով, այլ սեռական հարաբերության ժամանակ, երբ «կրողն» ու «զոհը», այսինքն՝ հիվանդն ու առողջը գտնում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա: Իսկ դա այդքան էլ բարդ գործընթաց չէ։ Հարաբերության ժամանակ վիրուսը հեշտորեն կարող է փոխանցվել հատկապես համբուրվելու ժամանակ։ Իսկ չվարակվելու համար անհրաժեշտ կլինի շատ ջանքեր գործադրել, որպեսզի սեռական հարաբերության ընթացքում մարմնի վերին հատվածի լորձաթաղանթների շփում տեղի չունենա, ինչը անկողնային կյանքում գրեթե անհնար է, լինելու դեպքում էլ զավեշտի կնմանվի (ասենք՝ դիմակով, պաշտպանիչ ակնոցով կամ դիմավահանով)։

Ի դեպ, մեր դիտարկումները պարզել են, որ կորոնավիրուս կրած պացիենտների զգալի մասը ունի սեռական առողջության զանազան խնդիրներ՝ սեռական ցանկության նվազում, սեռական գրգռման խանգարում և այլն։ Դա պայմանավորված է նրանով, որ հիվանդության ժամանակ գրեթե միշտ իջնում է գլխավոր սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը, որն արտադրվում է ամորձիներում։ Ինչպես արդեն նշվեց, կորոնավիրուսի ժամանակ կարող է առաջանալ ամորձիների բորբոքում, որն կհանգեցնի տեստոստերոնի նվազման, ինչը պահանջում է սեքսոլոգիական բուժօգնություն։

Այդ իսկ պատճառով, հետագա բարդություններից խուսափելու նպատակով, կորոնավիրուսով վարակված և բուժված տղամարդիկ պետք է ժամանակին դիմեն բժշկի՝ պարզելու հիվանդությունը իրենց սեռական և վերարտադրողական առողջության վրա բացասական ազդեցություն թողե՞լ է, թե՞ ոչ: Ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը թույլ կտա հնարավորինս շուտ հայտնաբերել խնդիրը և կարգավորել այն։


Դիտվել է 18607անգամ
Վերջին լուրեր