07 / Սեպտեմբեր / 2021 : 15-17

Ադրբեջանը կրակել է հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։

Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։


Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել։

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։

Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։

Արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը՝ մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է հանդիսանում նման դեպքերի կրկնության համար։

Խիստ օրակարգային է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննությունը, այդ թվում ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ։
Դիտվել է 6683անգամ
Վերջին լուրեր