11 / Սեպտեմբեր / 2021 : 10-24

Հայկը զոհվեց հոկտեմբերի 28-ին՝ հոր աչքի առաջ, Շեխեր գյուղի թեժ մարտերում. այսօր նա կդառնար 20 տարեկան

Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բեգլարյան Հայկը արցախցի էր, Ստեփանակերտում էր ծնվել։ 2020 թվականի հունվարին զորակոչվել էր Պաշտպանության բանակ։ Ջրականում (Ջեբրայիլում) էր ծառայում։

Սեպտեմբերի 11-ին Հայկը դիրքեր բարձրացավ։ Բարձրացավ ու զգաց պատերազմի հոտը։ Ամսի 25-ին զանգեց տուն, ասեց՝ «Մամ, կռիվ ա սկսվում, վիճակը լուրջա»։ Հարազատները չհավատացին, ում զանգեցի, ասեցին՝ «Նման բան չկա»։ Հաջորդ օրը արդեն Հայկը զանգեց, հրաժեշտ տվեց ու ասաց՝ «Մամ, կռիվ ենք գնում, կզանգեմ...»։

Արդեն 27-ի վաղ առավոտյան Հայկի հարազատներն արթնացան պայթյուններից. Հայկը ճիշտ էր՝ պատերազմ էր սկսվել։ Այդ օրը տղայից լուր չունեցան ու հայրը նույն օրը շտապեց Ջրական։ Բայց որդուն չգտավ, վերջինս արդեն շրջափակման մեջ էր։ 3 օր հետո հայր ու որդի գտան իրար։ Հայկը շատ էր ուրախացել...


Զանգում էր տուն ու ուրախ, ծիծաղելով խոսում, չէր բողոքում ոչնչից։ Հարազատները նույնիսկ կասկածում էին՝ արդյո՞ք կռվում են։ Բայց ծիծաղի ու հումորների արանքից Հայկը զգուշորեն հարցնում էր մորը՝ «Իմ սրբություն, լուրերով ի՞նչ են ասում, ե՞րբ կկանգնեցնեն»։ Ուրախ էր թվում ու չէր ուզում վախեցներ մորը։ Բայց մայրը չարաբաստիկ երազում արդեն տեսել էր իր որդու անունը զոհվածների ցուցակում...

Հայկի միակ բառը, որը վախեցնում էր մորը, հետևյալն էր՝ «Ծախած ա, մամ»։

Հայկը զոհվեց հոկտեմբերի 28-ին՝ հոր աչքի առաջ, Շեխեր գյուղի թեժ մարտերում։ Գյուղը նույն օրը հանձնվեց թշնամուն։
Այսօր Հայկի ծննդյան օրն է։ Նա պետք դառնար 20 տարեկան, բայց իր կյանքը զոհեց հանուն հայրենի Արցախի։ Զոհեց, լավ իմանալով, որ այս պատերազմը ընդամենը բեմադրություն է։ Չփախավ անգամ, երբ գնում էր գիտակցված մահվան։
Հավերժ փառք քեզ, հերոս տղա»։
Դիտվել է 13051անգամ
Վերջին լուրեր