13 / Սեպտեմբեր / 2021 : 15-16

«ՈՒԱԶ»-ը կամազի հետևից կապել են ու քարշ տվել. Ադրբեջանցիները Սյունիքում գողացել են բնակչի մեքենան ու չեն վերադարձնում

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։

Մեքենայի վառելիքը վերջացել է այն ժամանակ, երբ վերջինս շփոթմամբ անցել է ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածք։

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։

Վերադառնալիս շփոթվել է և պատահական Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,– պատմել է Շադունցը։

Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով։

Վերադառնալով բնակիչը նկատել է, որ այն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարել էին։

««ՈՒԱԶ»-ը բուքսիրով են տարել՝ կամազի հետևից կապել են, քարշ տվել, տարել»,- ասաց Շադունցը

Դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահ զորքերին։ Թշնամու սադրանքի մասին զեկուցել են նաև Արցախում գտնվող խաղաղապահ զորքերին, սակայն մեքենան բնակչին դեռևս չի վերադարձվել:
Դիտվել է 12428անգամ
Վերջին լուրեր