Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2020 : 00-25

Հունաստան. Հայոց ցեղասպանության 105րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկներ

Համաճարակի հետեւանքով ողջ աշխարհում ստեղծված մեկուսացման, արգելքների եւ սահմանափակումների այս օրերին, Հայոց Ցեղասպանության 105րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկները այս տարի առցանց տեղի ունեցավ նաեւ հունահայ համայնքում։

Նախապես, Հ. Օ. Մ.-ի մասնաճյուղեր Հայ Կապույտ Խաչի եւ Հայ Գթության Խաչի (հյուսիսային Հունաստան) մարդասիրական միությունները կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 105րդ ամյակին նվիրված արյունատվություն։ Այն տեղի է ունենում ամեն տարի՝ ի նպաստ արյան պահեստների ապահովմանը կարիքավորների համար։

Դիմատետրի, «ինսթագրամի» եւ այլ սոցիալական ցանցերի միջոցով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ պահանջատիրական պայքարի քարոզչություն կատարեցին Հ.Յ.Դ. Հունաստանի երիտասարդական, պատանեկան եւ Հ.Մ.Ը.Մ.ի (երեցներ, սկաուտներ, գայլիկների) միությունները։ Վարիչ մարմինների կողմից կազմակերպված եւ պատրաստված տեսանյութերը կարելի է դիտել հետեւյալ հղումներով՝ https://www.facebook.com/ayfgr/
https://www.facebook.com/badanegangreece/
https://www.facebook.com/HomenetmenGreeceScout/։

Ապրիլի 24ի առավոտյան, Հունաստանի Կալամատա քաղաքում դեռեւս անցյալ տարի Հունահայոց ազգային վարչության ջանքերով «Ս. Նիկողայոս» եկեղեցու կողքին կառուցված, հայկական ինքնությունը խորհրդանշող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ կարճատեւ հավաք-ձեռնարկ (համաճարակի պատճառով)՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին։ Ներկա էր Կալամատայի քաղաքապետ Թանասիս Վասիլոպուլոսը։

Աթենքի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» մայր եկեղեցիի մեջ ապրիլի 24-ի առավոտյան՝ գլխավորությամբ Հունահայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանի, տեղի ունեցավ եպիսկոպոսական պատարագ եւ բարեխոսական կարգ՝ 1.5 միլիոն Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին նվիրված։ Կազմակերպությամբ՝ Հունաստանի մեջ գործող Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական հարանվանությունների։

Հայոց ցեղասպանության 105րդ ամյակին նվիրված ոգեկոչման գլխավոր ձեռնարկը սփռվեց առցանց, 24 ապրիլի երեկոյան ժամը 7:30-ին։  
Հ.Յ.Դ Հայ դատի եւ «Ազատ Օր» օրաթերթի էջերից հրապարակված հատուկ ծրագրին հնարավորություն ունեցան հետեւելու աշխարհասփյուռ հայեր տարբեր երկրներից՝ իրենց մասնակցությամբ գնահատելով նախաձեռնությունը։

Առցանց ելույթի ընթացքում խոսքը ուղղեցին Հունաստանի նախկին նախագահ Փրոկոպիս Պավլոպուլոսը, Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Նիկիտաս Կակլամանիսը, Արտաքին գործերի նախարար Նիկոս Տենտիասը, Հ.Հ. Հունաստանի մեջ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ինչպես նաև մարզպետներ։

Նրանք հատկապես դատապարտեցին հայ ժողովրդի հանդեպ թուրքերի գործած Ցե­ղաս­պա­նու­թյու­նը եւ իրենց խոսքում կոչ ուղ­ղե­ցին ­Թուրքիային՝ ճանաչել ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը եւ ա­ռե­րե­սվե­լ պատ­մա­կան իրողությունների հետ։

Նախապես Հ.Յ.Դ. Հայ դատի հանձնախումբը մամլո հաղորդագրություն էր տարածել Հունաստանի Զ.Լ.Մ.-ների ներկայացուցիչներին՝ Հայոց եղեռնի մասին պատմական տեղեկություններ, տեսաերիզներ եւ նկարներ տրամադրելով։
Անդրադարձ կատարեցին հունական EPT 1, EPT 3, OPEN, ANT1, ALPHA, STAR հեռուստակայանները իրենց երեկոյան լուրերի ընթացքում։ Նաեւ՝ համացանցի եւ ձայնասփյուռի տարբեր կայաններով Հայոց ցեղասպանության նվիրված ելույթներով եւ հարցազրույցներով հանդես եկան Հայ դատի հանձնախումբի անդամները եւ հունական համայնքի ներկայացուցիչներ։ 

Համացանցի իրենց անձնական էջերին հատուկ գրառումներ էին կատարել Աթենքի, Թեսալոնիկի, Կալամատայի քաղաքապետները, նախարարներ, փոխնախարարներ, քաղաքական գործիչներ։ 

Առցանց ելույթի սփռումից առաջ, Հատկանշական էր հատկապես Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Թուիթրի» իր էջի գրառումը. «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մարդկության դեմ կատարված ոճիր, որ սեւացրեց 20րդ դարի արշալույսը։ Հավերժի դաս՝ մերժելու ատելությունը կույր բռնության եւ ցեղապաշտության։ Որովհետեւ՝ «չարի մոռացումը արտոնություն է կրկնողության»։

Մարիա Մարկոսյան 

Author's cover photo
Ամսաթիվ 28 / Ապրիլ / 2020 : 00-25
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 10132անգամ
Վերջին լուրեր