07 / Փետրվար / 2021 : 13-07

«Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել, որ պահենք այս հողը մի բուռ». Համո Սահյան 

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:

Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ 

Author's cover photo
Ամսաթիվ 07 / Փետրվար / 2021 : 13-07
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 340928անգամ
Վերջին լուրեր