Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Սեպտեմբեր / 2021 : 13-54

Պատվաստումը չի բացառում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը․ Անահիտ Ավանեսյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ են ընթանում, որին մասնակցում է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը հայտարարեց, որ պատվաստումը չի բացառում վարակումը։ Մինչև «Դելտա» շտամի տարածումը՝ պատվաստումը բավարար էր դիմակ չկրելու համար, սակայն իրականությունը այլ է։

«Պատվաստանյութը վարակումը չի բացառում, ինչպես նաև որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող 100 տոկոսանոց արդյունք երաշխավորել։ Վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք․ չբուժվե՞նք, իհարկե՝ ոչ»,-նշում է Ավանեսյանը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչ նպատակ են հետապնդում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները և ինչո՞ւ պատվաստված քաղաքացիներից ՊՇՌ թեստ չի պահանջվում, եթե նրանք էլ կարող են վարակվել։

«Ինչո՞ւ 14 օր մեկ, ինչու ոչ՝ ամեն օր։Ավելի էֆեկտիվ կլիներ, եթե մենք ամեն օր հավաստենք, որ մարդը վարակված չէ։ Բայց մենք առաջնորդվում ենք բալանսավորման և խելամտության սկզբունքով։ Մենք պետք է հանրային առողջապահական հարցը լուծենք՝ չպարալիզեցնելով մեր կյանքը»,-նշում է նախարարը։


Նա հաստատեց, որ, այո, տարբերակված վերաբերմունք կա պատվաստանյութերի նկատմամբ։

«Արտադրող երկրներն ամեն մեկն ինքն է որոշում իր քաղաքականությունը՝ ո՞ր պատվաստանյութին տալ նախապատվություն, ո՞ր պատվաստանյութերի գրանցման ի՞նչ աստիճանի վերլուծություն անի ու ո՞ր փուլում թույլ տա այդ պատվաստանյութերի ներկրումը իր երկիր։ Հայաստանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հնարավորություն ընձեռել Հայաստանում ունենալու այնքան պատվաստանյութի տեսականի, որը թույլ կտա քաղաքացիներին ազատ տեղաշարժվել տարբեր երկրներում», – ասաց նա։

Անահիտ Ավանեսյանն անդրադաձավ կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու հանգամանքին։

«Արդյոք նորից անհրաժե՞շտ է լինելու պատվաստումներ իրականացնել․ այս հարցը հիմա շատ ակտիվ քննարկում է ԱՀԿ-ն, HDA-ը ներկայումս ամփոփում է ինստիտուտների կողմից իրականացված հետազոտությունները, և ես կարծում եմ՝ առաջիկայում ավելի համապարփակ ձևով կպատասխանեն հարցին` անհրաժեշտ լինելու է ռեվակցինացիա՝ խթանիչ երրորդ դեղաչափ, թե ոչ»,- նշեց նախարարը։

Ավանեսյանը համարում է, որ երրորդ դեղաչափը ստանալու հավանականությունը բոլորովին չի նշանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս արդյունավետություն։

«Նույն կարմրուկի պատվաստանյութը իրականացվում է ոչ թե կյանքում մեկ, այլ մի քանի անգամ․ դրանից կարմրուկի պատվաստանյութի արժեքը նվազո՞ւմ է՝ իհարկե ոչ։ 2007 թվականին Հայաստանն իրականացրեց կարմրուկի դեմ համընդհանուր պատվաստում, ինչի արդյունքում մենք վերջին տարիներին, ի տարբերություն մեր հարևան և ԵՄ երկրների, չունեցանք տեղական որևէ դեպք»,- նկատեց նախարարը։
Դիտվել է 8418անգամ
Վերջին լուրեր