Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Նոյեմբեր / 2021 : 12-01

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։

Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների և Մերձավոր Արևելքից վարձկանների ուղղակի վարձկանների ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված ագրեսիային, ինչպես նաև հիմք է հանդիսացել Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մուտքի համար՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով։

Եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի Արցախի Հանրապետության հետպատերզմյան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկյունից։

Հայտնի է, որ միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում։ Ավելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն»։
Դիտվել է 4636անգամ
Վերջին լուրեր