Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2021 : 16-04

Կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը

Կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհու մահվան կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել ընտանիքի անդամներին, արվեստասեր հանրությանը:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ԿԳՄՍ-ից։

Նախարարի ուղերձում ասված է.


«Անհուն թախիծ և անասելի ցավ ենք ապրում. այլևս մեզ հետ չէ ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նաիրուհի Իսահակի Ալավերդյանը: Երկրային 80 տարիները մեկ ակնթարթում միաձուլվեցին երկնային ոլորտների անսահմանությանը:

Ծնվել-մեծացել է ազնվական ընտանիքում: Մշակութային հոգեկերտվածքը ժառանգել է մտավորական ծնողներից: Բանասիրական կրթությամբ երիտասարդ մասնագետը, հավատարիմ մնալով վաղ պատանեկան շրջանի նախասիրություններին և օժտվածությանը, իր գործունեությունն է ծավալել երաժշտության բնագավառում. «Ղարաբաղ» երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, ապա և «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի: Նրա տարերքը հայկական ժողովրդական, գուսանական երգերն էին, որոնք կատարում էր զուլալ ձայնով:



Երգացանկի մաս կազմող արտասահմանյան երգերը նույնպես համ ու հոտ էին ստանում նրա կատարումներից: Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև զորամասեր: Ժողովրդական երգչուհին հյուրախաղերով հաճախ էր շրջագայում հայահոծ երկրներ` Ֆրանսիա, Հունաստան, Բուլղարիա, Պարսկաստան, Գերմանիա և այլուր:

Ոչ միշտ ճաշակելով կյանքի քաղցրահամը` երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձությունները դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար: Դժբախտ պատահարից հետո Գերմանիայում երկարատև բուժումներից և վերականգնումից հետո տունդարձի ճանապարհին, երբ Շուշիի բարձունքից երևացել է Ստեփանակերտը, նա, չկարողանալով տիրապետել իր հորդ հուզումները, ասել է, որ միայն «Ստեփանակերտ» երգը երգելու համար արժեր լինել երգչուհի և հայ:
«Գեղագետ-մանկավարժը կայացած կարող է համարվել, երբ իրեն գերազանցող սերունդ դաստիարակի». երբեմն սիրում էր կրկնել երգչուհին: Ղեկավարելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի Արցախի մասնաճյուղը` Նաիրուհի Ալավերդյանը, իր հավաստմամբ, կրթել և դաստիարակել է իրեն գերազանցող սերունդ:

Երգչուհին երկար-երկար ապրելու է իր երգերով ու իր երգերը հավերժությանը փոխանցող սերունդներով»:
Դիտվել է 41779անգամ
Վերջին լուրեր