Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2021 : 10-13

Հայաստանն ու Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրեն. Արմեն Գրիգորյան

Հայաստանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր կտեղադրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկմանն ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսինքն, ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասաց Գրիգորյանը։

Նա նշել է, որ վերջին շրջանում կառավարության աշխատանքների արդյունքում Երևան-Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում լավագույն բարեկարգ ճանապարհն է:

«Կարևոր եմ համարում նշել, որ Գորիս-Կապան ճանապարհին գտնվող համայնքները, այսինքն՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքների համար այս պահին ևս ճանապարհային աշխատանքներ են կատարվում, որպեսզի դեպի այս համայնքներ տանող ճանապարհները բարեկարգվեն»,- հայտարարել է Գրիգորյանը՝ նշելով, որ այդ ճանապարհները մոտ ժամանակներս ասֆալտապատվելու են:
Դիտվել է 20464անգամ
Վերջին լուրեր