Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Նոյեմբեր / 2021 : 12-31

Երեւան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան

«2020 թվականին Հայաստանի կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում շարունակվում է. Այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարունակվում են ճնշումները պարտված իշխանության վրա։ Միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո», - ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։

«Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մնում է որպես հիմնական գործողություն, ըստ էության՝ Զանգեզուրի միջանցք գաղափարն առաջ տանելու համար։ Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության», - ասաց Սեյրան Օհանյանը։

Պատգամավորը նշեց, թե ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում այս իրականության մեջ. «ՀՀ իշխանություններն ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ամբողջ ներուժը, այդ ամենի շարունակությունը եղավ նաև այն, որ ոչ գիտակից ցուցումով մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Այդ է պատճառը, որ հակառակորդն այսօր շարունակում է ճնշումները», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Օհանյանի խոսքով՝ նույնիսկ այսպիսի իրավիճակում ՀՀ իշխանությունները ռեալ գնահատական չեն տվել պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։

«Ռազմավակարական վերանայում չեն իրականացրել, որի ընթացքում պետք է որոշեին, որ ՊՆ, ԱԱԾ համապատասխան ուժեր ներառեն երկրի սահմանային պաշտպանությունն իրականացնելու համար։ Այդպիսի որոշումներ ընդունելու համար մի քանի ժամ է պետք, այդպիսի որոշումներն իրականացնելու համար մի քանի օր է պետք ռազմավարական կարևոր ուղղություններում», - ասաց Սեյրան Օհանյանը։
Դիտվել է 12392անգամ
Վերջին լուրեր