19 / Նոյեմբեր / 2021 : 15-10

«Արթուրի մայրը այսօր հեռուստատեսությամբ է լսել, որ որդին զոհվել է, չգիտեմ՝ որտեղ է դիակը». համայնքապետ

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ: Նրանց մեջ էր նաև պայմանագրային զինծառայող 1998 թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, որը ծնվել և մեծացել էր Լոռու մարզի Անտառամուտ համայնքում։


ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Անտառամուտ համայնքի ղեկավարի՝ Արայիկ Գևորգյանի հետ, որն ասաց՝ հպարտ է, որ ճանաչել է Արթուրին.
«Շատ լավ մարդ էր, բանիմաց, խելոք, ժպիտը միշտ դեմքին, օգնում էր համայնքի բոլոր բնակիչներին»,- նշեց համայնքի ղեկավարը:
Վերջինս ասաց, որ Արթուրը ծառայել է Մատաղիսում, զորացրվելուց հետո 1 տարի ժամկետով մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել հայրենիք՝ աշխատելու որպես պայմանագրային զինծառայող:
«Տղան 15 օր դիրքում էր լինում, 15 օր ներքևում, երբ իջնում էր դիրքերից, զբաղվում էր անասնապահությամբ, ընտանիքի միակ եկամտի աղբյուրը դա է: Մի քիչ վատ են ապրում՝ կենցաղային սուղ պայմաններում»,- ասաց Արայիկ Գևորգյանը՝ հավելելով, որ ընտանիքում 4 երեխա են՝ 2 տղա, 2 աղջիկ, փոքրը՝ Արթուրն էր:
Համայնքի ղեկավարն ասաց, որ Արթուրը մասնակցել է նաև 44-օրյա պետերազմին, որտեղ ստացել էր ձեռքի բեկորային վնասվածք:
«Վերջին անգամ, երբ Արթուրը խոսեց ինձ հետ, ասաց՝ եկող տարի պիտի ամուսնանամ»,- ցավով վերհիշեց մեր զրուցակիցը:
Դիտվել է 168098անգամ
Վերջին լուրեր