23 / Նոյեմբեր / 2021 : 11-43

Երազում էի,որ ինձ հանդիպեր այն միակը,ով «կտիրեր» այդ սիրուն. Անի Քոչար

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է լրագրող, «Հանձնվել չկա՛» մոտիվացիոն գրքի հեղինակ Անի Քոչարը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը «Ես» ամսագրի, մեդիա ոլորտի գրագիտության, քաղցկեղի դեմ պայքարի իրական պատմության, անկեղծության և սիրո մասին: -Դուք մեդիա ոլորտում եք արդեն 20 տարի: Ձեզ գոհացնում է Հայաստանի մեդիա ոլորտի աշխատանքը:


-Այո, մեղիա ոլորտում եմ արդեն 20 տարի. դպրոցական էի, երբ սկսեցի իմ լրագրողական գործունեությունը մանկապատանեկան մամուլից և հասա մինչև սեփական մեդիաընկերություն ստեղծելն ու լուրջ հաջողություններ գրանցելը:


Այն ժամանակյա և այսօրվա մեդիաոլորտը կտրուկ տարբերվում են, և գլխավոր «մեղավորը» սոցիալական մեդիաներն են: Դրանք բազմաֆունկցիոնալ են և միաժամանակ մրցակցում են թե՛ տպագիր, թե՛ հեռուստառադիո և թե՛ էլեկտրոնային լրատվամիջոցների հետ: Խելահեղ մրցավազքն ու գերօպերատիվության ձգտումը շատ է ազդել մեդիա ոլորտի գրագիտության, բովանդակության, խորքայնության և էթիկայի վրա, ինչն ինձ, բնականաբար, գոհացնել չի կարող:
-2021 թվականին լրանում է «Ես» ամսագրի 15-ամյակը: Ցանկություն չկա՞ կրկին վերադառնալ տպագիր տարբերակին :

-«Ես» ամսագիրն այս տարի կդառնար 15 տարեկան, հանգամանքները ստիպեցին, որ ես դադարեցնեմ տպագրությունը մի ամսագրի, որը գրեթե 10 տարի ամենապահանջակված և ընթերցվող տպագիր հանդեսն էր Հայաստանում: Դադարի այս մի քանի տարիների ընթացքում ոլորտում այնքան փոփոխություններ են եղել, սոցմեդիաները խաղի բոլորովին նոր կանոններ են թելադրում , և շատ անորոշ ու ռիսկային է տպագիր մամուլի հրատարակություն վերսկսելը: Անկեղծորեն՝ մինչ այժմ ընթերցողները սոցմեդիաներով գրում են ինձ, դիմում խնդրանքով՝ վերադարձնելու իրենց սիրելի «Ես» ամսագիրը:

Ես նույնպես մշտապես այդ մասին մտածում եմ և պրպտում մի նոր ձևաչափ, որն այժմեական կլինի և մրցունակ: Ես միջակ որևէ բան անել չեմ սիրում: Իմ նախագծերը կա՛մ պետք է լավն ու պահանջարկված լինեն, կա՛մ չլինեն, քանի որ ինքնանպատակ որևէ բան անելու ցանկություն չկա: -Դուք խիզախեցիք հայ հասարակության մեջ հրապարակավ խոսելու ձեր ամենածանր հիվանդության և այն հաղթահարելու մասին: «Հանձնվել չկա՛» մոտիվացիոն գիրքը քաղցկեղի դեմ պայքարի ձեր իրական պատմությունն է: Չկա՞ր մտավախություն, որ ձեր անկեղծությունը այլ կերպ կընկալվի:


-Մտավախություններ, ինչ խոսք, կար, ինչպես ցանկացած նախագծից կամ մեծ գործ սկսելուց առաջ: Բայց ես խիզախում եմ միշտ այն պարագայում, երբ գիտեմ, որ դրա անհրաժեշտությունը կա, որ այն կարող է շատերին օգտակար լինել, ոգեշնչել, դրական օրինակ ծառայել: Գրքի ընթերցողներից բացառապես դրական արձագանքներ եմ ստացել, իսկ նրանք, ովքեր չեն կարդացել և շտապում են չհիմնավորված չարախոսությամբ զբաղվել, նմաններին հորդորում եմ միայն գիրքն ուշադիր կարդալ և նոր միայն արտահայտվել:

Իրականում «Նյումեգի» այս առաջարկը և գրքիս բովանդակությունը դեռևս տասնամյակներ հետո է գնահատվելու ըստ արժանվույն, երբ այն շատերի կյանքը փոխել կհասցնի:
-Գրքում առանձին տեղ եք տվել կանացի վարսերին, նշել էիք, որ ձեր ինքնավստահությունը հենց փարթամ վարսերն էին:Կայի՞ն կանացի նրբություններ,որոնք չեք նշել գրքում,սակայն կուզեիք դրա մասին էլ խոսել:

-Իրականում գրքում եղել եմ առավելագույնս բաց, անկեղծ և անկաշկանդ, որքանով որ պատրաստ է նաև հայ ընթերցողն ընդունել և ընկալել, բայց շատ ինտիմ մանրամասները երբեմն շրջացել եմ, քանզի որպես կին դժվար է հազարավոր մարդկանց առջև այդչափ բացվելը, բայց դրանից գրքի անկեղծությունն ու իրական լինելը չի տուժել:

-Գրքում գրել եք նաև սիրո մասին, անկեղծորեն նշել եք, որ ունեիք սիրո և սիրած տղամարդու կարիք,սակայն այդպես էլ օտարազգի որևէ մեկին չընդունեցիք Ձեր կողքին:Մշակութային տարբերություննե՞րն են խանգարել ձեզ:

-Այո, ես ունեի իրական սիրո կարիք, իմ մեջ տարիների կուտակված այնքան սեր, զգացմունք և կիրք կար, որ ես ցանկանում էի այն արժանի մեկին նվիրել, երազում էի, որ ինձ հանդիպեր հենց այն միակը, ով «կտիրեր» այդ սիրուն: Ում կնայեի և ապրելս կգար:

Շուրջս այնքան երկրպագուներ էին պտտվում, բայց ինչպես ասում են, սրտին չես թելադրի: Իսկ, երբ հանդիպեցի նրան, ապա կասկած չունեի, որ հենց նրան եմ ուզում ընծայել սերս ու զգացմունքներս:
Անձնականի մասին թերևս այսքանը: -Որոշ ժամանակ անց ձեր սիրտը կրկին թակեց սերը:Կրկի՞ն նախախնամություն էր, թե՞...


-ԱՍՏԾՈ գործերն անքննելի են, նա գիտի ինչ, ինչպես և երբ: Ամեն բան այնքան պատահական և անակնկալ կերպով ստացվեց, որ մարդու հավատ չի գալիս:

-Կարծում եք՝ կանայ՞ք են ընտրում տղամարդկանց:

-Երկու հոգեհարազատ սրտեր՝ հոգիներ ընտրում են միմյանց. սա իմ պատկերացրած ընտրությունն է: Իսկ եթե կա փոխհարաբերություն, որտեղ մեկն ընտրել է մյուսին, իսկ վերջինս սոսկ համակերպվել, ապա դա, ըստ իս, լիարժեք և ներդաշնակ միություն լինել չի կարող:
-Ուշացած սերեր լինու՞մ են:

-Ե՛վ այո, և՛ ոչ: Ոչ, քանզի հուսով եմ, որ ամեն բան լինում և պատահում է իր ճիշտ ժամանակին, իսկ այո, որովհետև, երբեմն լավ կլիներ, որ այդ լավ բանը քեզ պատահեր շատ ավելի շուտ և գուցե այդ պարագայում կյանքումդ ավերածություններ և դժբախտություններ ավելի քիչ կպատահեին:

-Ե՞րբ պատրաստ կլինի գրքի աուդիո տարբերակը:

-Գրքի աուդիոտարբերակը վաղուց պետք է պատրաստ լիներ, պարզապես «Նյումեգ» հրատարակչատունը զբաղված էր այլ մեծ նախագծերով (այդ թվում գրքի ամառային փառատոնը, որի հյուր հեղինակներից էի նաև ես): Բայց շատ շուտով լսարանին կմատուցվի նաև աուդիոգիրքը:
-Ինչի՞ մասին կլինի Անի Քոչարի հաջորդ գիրքը...

-Հաջորդ գիրքն արդեն իսկ գրվում է. իմ պարագայում այն կրկին կյանքն է գրում, ես միայն արձանագրողն եմ լինելու: Նոր գիրքը լինելու է նախորդի տրամաբանական շարունակությունը և այն, որ կյանք կա՛ քաղցկեղից և ավերիչ քիմիաթերապիաներից հետո: Որ կյանք կա անգամ ամենածանր փորձություններից և հարվածներից հետո:

Որ, չնայած բոլոր փորձություններին՝ երբեք ու երբեք չպետք է չարանալ և հարց տալ, թե ինչո՞ւ ես: Ապա ո՞վ... Որևէ մեկը թող չանցնի սարսափով, բայց, եթե հենց քեզ է տրվել կյանքի այդ հարվածը, ապա պետք է չհանձնվել և որևէ պարագայում: Պայքարել, և սիրով ու հոժարությամբ անցնել այդ ուղին:



Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 101338անգամ
Վերջին լուրեր