25 / Նոյեմբեր / 2021 : 09-25

Տավուշի սահմանին մահացած հայտնաբերված Սուրեն Ավետիսյանը փետրվարին էր զորակոչվել բանակ

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Սուրեն Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարին: Նա ծառայում էր Տավուշի մարզում, դեպքը տեղի է ունեցել Կոթի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, որտեղ նա իրականացնում էր հերթապահություն: Սուրենի մտերիմներն առայժմ չգիտեն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է մահացել Սուրենը:
Նրա ընկերներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ Սուրենն ընտանիքի հետ խոսել էր նախօրեին, ոչնչից չի բողոքել: Նրա խոսքով՝ Սուրենը կոնֆլիկտային անձնավորություն չէր:
Սուրեն Ավետիսյանը Երեւանից էր, ուներ իրենից փոքր քույր եւ եղբայր:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիարեւելյան հատվածում տեղակայված հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինածառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի դին՝ գլխի հրազենային վիրավորումով:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Հաղորդագրությունից, սակայն, պարզ չէ՝ հակառակորդի կրակոցից է մահացել Սուրենը, թե՝ ոչ:

Դիտվել է 58145անգամ
Վերջին լուրեր