13 / Դեկտեմբեր / 2021 : 12-27

Ինձ համար գեղեցկությունը ձևի և բովանդակության ճիշտ համադրումն է


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է «Միսս Տիեզերք Արմենիա» ճանաչված Նանե Ավետիսյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը գեղեցկության, մրցույթին մասնակցելու մոտիվացիայի, սիրո և երջանկության մասին:
-Ո՞րն էր «Միսս Տիեզերք Արմենիա 2021» մրցույթին մասնակցելու մոտիվացիան:
-Մոտիվացիան այն էր, որ կկարողանամ ասելիքս տարածել հասարակության ավելի լայն շրջանում:

-Ի՞նչն ամենաշատը ձեզ գրավեց մրցույթում:

-Որ այն մրցույթ է ոչ միայն սոսկ արտաքին գեղեցկության, այլև բովանդակության, անձնական պատմության և ասելիքի մասին:

-Ի՞նչը փոխեց մրցույթը ձեր կյանքում:

-Ես ձեռք բերեցի նոր ընկերներ և կարելի է ասել ստացա մի նոր հարթակ ինձ համար կարևոր հարցերը բարձրաձայնելու համար:
-Ինչո՞վ եք առանձնանալու «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում:
-Ընդհանրապես ամեն մարդ առանձնահատուկ է: Կարծում եմ՝ իմ առանձնահատկությունը լինելու է հավաքական արժեքների մատուցմամբ. ոչ միայն արտաքին գեղեցկություն, այլև անձնական պատմություն, որակական և ինտելեկտուալ հատկանիշներ, փորձ և նպատակներ:

-Մասնագիտությամբ իրավաբան եք: Ի՞նչ եք կարծում՝աշխարհին ավելի շատ լավ մասնագետներ են պետք, թե՞ լավ մարդիկ:

-Մեկը մյուսին չի խանգարում, բայց եթե ընտրություն պետք է կատարել, ապա՝ լավ մարդիկ:

-Գեղեցկությունն ունի՞ հստակ չափանիշներ:
-Գեղեցկության չափանիշները շատ սուբյեկտիվ են: Համենայնդեպս, ինձ համար գեղեցկությունը ձևի և բովանդակության ճիշտ համադրումն է:

-Ո՞րն է լավագույն զենքը խաղացողների դեմ պայքարում:
-Լավագույն զենքը կրթությունն է ամեն իրավիճակներում, և կրթություն ասելով՝ ես նկատի չունեմ միայն դպրոցներում կամ համալսարաններում ստացած մասնագիտական հմտությունները: Ես նկատի ունեմ հոգևոր, մտավոր և ֆիզիկական համաչափ զարգացվածությունը, որը գալիս է անձնական փորձի արդյունքում: Մեկն առանց մյուսի կիսատ է… և անգամ վտանգավոր:
-Ինչի՞ կնմանեցնեիք սերը:
-Այն ինձ համար առանձին կատեգորիա է, որն իր ձևի մեջ աննման է. աննման, ինչպես արևը, ինչպես լույսը, ինչպես հողն ու ջուրը. անհրաժեշտություն ապրելու և լիարժեք զգալու համար: -Սիրելի լինելու համար պե՞տք է բարի լինել:
-Կախված է, թե ում համար եք ուզում սիրելի լինել ))
Իմ կարծիքով` բարի միշտ է պետք լինել:
-Ի՞նչ է Ձեզ հարկավոր իրապես երջանիկ լինելու համար:
-Ես իրապես երջանիկ մարդ եմ: Ունեմ այն ամենն ինչ ինձ հարկավոր է:Եթե կյանքի ինչ-որ փուլում էլ զգամ, որ մի բան պակասում է, ապա նպատակ կդնեմ և դա էլ կունենամ:
Միայն մի բան, որը դեռ դուրս է իմ վերահսկողությունից և որը կարող է խլել իմ երջանկությունը` պատերազմն է և նմանատիպ այլ ոչնչացնող և կյանքեր խլող աղետները:

-Գեղեցկությու՞նն է փրկում աշխարհը, թե...
-Գեղեցկությունը համուհոտ է տալիս աշխարհին, հետաքրքրացնում է այն, միգուցե նաև հիացնում, բայց աշխարհը փրկում են ինտելեկտն ու բարությունը. անպայման համատեղությամբ:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 20563անգամ
Վերջին լուրեր