25 / Դեկտեմբեր / 2021 : 14-09

Մուրադյանն առաջարկել է գերիների վիճակը պարզելու համար բժիշկներ ուղարկել Բաքու. մանրամասներ

«ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մանրամասներ հայտնեց Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկված հարցերի առնչությամբ։

Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների առողջական վիճակին առնչվող հարցեր։ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Հայտնել էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։

«Արմեն Մուրադյանը գերիների առողջական վիճակի հետ կապված հարցերին է անդրադարձել։ Մասնավորապես, ադրբեջանական կողմի հետ քննարկումների ժամանակ նա առաջարկել է, որ հնարավորության դեպքում եթե ոչ հայ, ապա գոնե չեզոք երկրի բժիշկների խումբ ուղարկվի Բաքու՝ գերիների վիճակի մասին հավաստի տեղեկություններ իմանալու»,–ասաց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

44-օրյա պատերազմից հետո սա նման ձևաչափով առաջին հանդիպումն է»,- գրում է Sputnik Արմենիան։
Դիտվել է 19816անգամ
Վերջին լուրեր