02 / Մայիս / 2020 : 19-03

Ինքս էլ ծրագրերից մեկում հայտնվեցի, ինձ փոխանցվել էր 2500 դրամ, դարձրեցի 10հազար և փոխանցեցի մեկ բազմազավակ ընտանիքի հոսանքի ծախս. Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքով` կոմունալների վարձավճարների փոխհատուցման կառավարության ծրագիրն արդարացված է:

«Իհարկե տեղին էր և շատ հստակ մարդիկ օգտվում են դրանից: Ծրագիրն ավելի քան հասցեական է: Հիմա եթե կառավարությունն ամբողջ հանրապետության կոմունալ բեռը վերցնի իր վրա և ամեն ամիս բացարձակ լավ պայմաններում պահի, կրկին դժգոհություններ կլիեն»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նշենք, որ վերջերս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե մարդիկ կան, որոնց սոցիալական վիճակը լավ է և նրանք աջակցության կարիք չունեն, կարող են իրենց բաժանորդների հաշիվներին փոխանցված կոմունալների չափով գումար կամ փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին կամ վճարել այն մարդկանց կոմունալները, որոնք դրա կարիքն ունեն:
Դրանից հետո քննադատեցին ու ծաղրեցին վարչապետին:

Անդրադառնալով այդ ծաղրանքին` պատգամավորը նշեց. «Մարդկային լկտիությունը սահմաններ չունի, և երբ ասում են` ինձ պետք չի, ես կարող եմ իմ ծախսած կոմունալները վճարել, ապա այդտեղ հնարավոր չէ սորտավորում անել, թե ով կարող է, ով չի կարող և դա անել շատ կարճ ժամանակահատվածում: Դրա համար, եթե ցանկություն չունեն, ապա կարող են շատ հանգիստ և մեծ սիրով, ինչը ես և շատ շատերն արել են, այդ գումարը փոխանցել կարիքավորին: Ես ինքս էլ ծրագրերից մեկում հայտնվեցի, ինձ փոխանցվել էր 2500 դրամ, ես այն դարձրեցի 10հազար դրամ փոխանցեցի մեկ բազմազավակ ընտանիքի հոսանքի ծախս: Եվ շատ լավ ստացվեց դա և դրանից որևէ մեկը չտուժեց: Ես ինձ շատ լավ զգացի` բազմազավակ ընտանիքին օգնելով»:

Հարցին` մյուս ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունն ինչպես է գնահատում և արդյոք ստանում է ահազանգեր, Հովսեփյանը պատասխանեց. «Հասցեականությունը ռեալ պահպանվում է, պարզապես շատ քաղաքացիներ դիմում եմ տարբեր հարցերով:

Օրինակ մեկը դիմել էր և նշում էր, որ աշխատում է դպրոցում, բայց իր աշխատավարձը չի հերիքում: Հարցնում եմ` երբ նախորդ ամիսներին չկար ճգնաժամ, արդյոք հերիքում էր իր աշխատավարձը, ինքն էլ պատասխանում է, թե ինչու չօգտվի աջակցությունից, չէ որ շատերն օգտվում են:

Մարդիկ կան, որ առաջարկում են իրենց տվյալները ես լրացնեմ իրենց փոխարեն: Անկեղծ ասած` քաղաքացիների կողմից չափ ու սահման անցած վարքագիծ կա այս ամբողջ ընթացքում և սա բերում, հանգեցնում է նրան, որ չպետք է փորձեց իրենց փոխարեն իրենց երեսը լվանաս, որովհետև, եթե իրենք լվացվել չեն սիրում, ապա լվացնես էլ, միևնույնն է իրենց նախընտրությունն էր անլվա մնալը»:

 

Դիտվել է 29103անգամ
Վերջին լուրեր