04 / Փետրվար / 2022 : 10-37

Արվեստն ամեն մարդու համար չէ...


Ելակետ լրատվականի/ Yelaket.am-ի զրուցակիցն է հայ կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող Արա Թորոսյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը սիրո, իրական ընկերության, երաժշտական կեղծանվան և մշակութային առանձնահատկությունների մասին:

-Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ երաժիշտը:

-Իմ համոզմամբ լավ երաժիշտը, կամ առհասարակ լավ արվեստագետը նախ և առաջ պետք է օժտված լինի շնորհքով, իսկ եթե տաղանդով նույնպես օժտված լինի՝ ավելի լավ: Մնացածը բախտի բան է:

-Երաժշտությունը պե՞տք է կրթող ու դաստիարակող լինի:

- Առհասարակ արվեստը պիտի լինի կրթող, դաստիարակող, էլ չասած, որ այն ինքն իրենով բուժիչ կամ գրգռիչ հատկություն ունի: Երաժշտությամբ կարող ես անել շատ բան, այդ պատճառով նրա հետ պիտի լինել նուրբ և հարգալից:
-Սխալ գործիքավորումը կարո՞ղ է աղավաղել երգը:

-Սխալ գործիքավորում ինքն իրենով չկա: Կա որոշակի անհամապատասխան արդյունք տվյալ կատարողի պահանջներին կամ հնարավորությանը, ոչ համահունչ նյութին, իր նպատակին չծառայելու գործոն, բայց սխալ ու ճիշտ չկա:

-Նպաստե՞լ է արդյոք Ձեր երաժշտական ճանաչմանը Մուրզիկ երաժշտական կեղծանունը:

-Անշուշտ: Չգիտեմ ինչքանով լավ կամ վատ, բայց նպաստել է: Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ինձ շատ սիրելով ու հարգելով համարում են այդ կեղծանունը ոչ տեղին, բայց համակերպվել են, և հակառակը, համարելով, որ այն ամբողջովին բնութագրում է ինձ: Ամեն դեպքում ես հա՛մ Մուրզոն եմ, հա՛մ Արան: Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունեցող երևույթ: Ես կեղծանունը արվեստում համարում եմ պարտադիր: Այն անտեսանելի պատնեշ է հանդիսանում սովորական մարդ և արվեստի մարդ լինելու արանքում: Իսկ սովորական մարդը ինձ համար չի կարող արվեստագետ լինել:Առհասարակ արվեստը ամեն մարդու համար չէ ու չի կարող ծառայել ամեն մեկին:
-Ապրում ու ստեղծագործում եք ԱՄՆ-ում: Մշակութային ինչպիսի՞ առանձնահատկություններ եք նկատում:

-Դասակարգվածություն: Իրական ու մնայուն արժեքների և անցողիկ, տարերային երևույթների բաժանում: Այստեղ խնայում են մարդկանց հույզերը, աչքերը, ականջները ու թույլ չեն տալիս լկտիաբար փաթաթել այս կամ այն երևույթը մեկը մյուսին: Քեզ դուր է գալիս սա, խնդրեմ, դրա համար կա տեղ, որտեղ դա կարող ես վայելել բայց դրա սահմաններից դուրս դու պարտավոր ես լինել քաղաքացի: Խոսքս սկսած դասական երաժշտությունից մինչև փոփ մշակույթ, ի դեպ փոփը ինձ համար մշակույթ երբեք չի եղել: Ես դրանք տարանջատել եմ:

-Հեռավորությունը խանգարու՞մ է իրական ընկերությանը:

-Իրական սիրուն, ընկերությանը ոչինչ չի կարող խանգարել: Այն կամ կա, կամ էլ չկա:
-Ո՞վ է խելացի և հաջողակ կնոջ ամենասիրելի կերպարը:

-Խելացին ու հաջողակը միասին շատ հազվադեպ քայլող բաներ են: Խելացի մարդը մեծամասամբ հաջողակ չէ, և հակառակը, հաջողակ մարդիկ ուղղակի հաջողակ են, բայց կարող են և խելքի հետ այդքան էլ ընկերություն չանեն:

-Սերը մի՞շտ է անսպասելի գալիս:

-Անսպասելի ոչինչ չի լինում: Ուրիշ հարց է՝ մենք սպասո՞ւմ ենք, թե՞ ոչ: Սերը նույնպես ամեն մեկի բանը չէ: Կա՛մ օժտված ես, կա՛մ ոչ:
-Ինչի՞ն եք անվերապահորեն հավատում:

- Որ ամեն ինչին կա վերջ:



Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 48802անգամ
Վերջին լուրեր