Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2022 : 13-22

Զգուշավոր լավատեսություն կա․ Զասը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծման գործընթացը թույլ կտան կայունացնել իրավիճակը,-գրում է «Sputnik Արմենիա»-ն։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարների մասին: «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում Զասն ընդգծել է, որ որոշակի զգուշավոր լավատեսություն կա կարգավորման շուրջ։

Նա ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ու Արցախ ռուսական խաղաղապահների մուտքից հետո իրավիճակը կայունացել է, դադարել է արյունահեղությունը:

«Անշուշտ, լարվածության օջախներ կան, և դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ եղել եմ, սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Բայց, ըստ էության, այնտեղ սահման՝ որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի»,-հայտարարել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ կողմերի առջև դրված է սահմանազատման և սահմանագծման լուրջ խնդիր, դա մեծ և բարդ ծավալի աշխատանք է, բայց, այնուամենայնիվ, դա թույլ կտա էականորեն ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը:

«Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան և ուրիշ դարաշրջան է սկսվում։ Ես կարող եմ սխալվել այդ լավատեսության առումով, բայց ամեն դեպքում պետք է ողջունել այն քայլերը, որոնք ներկայումս արվում են խաղաղություն հաստատելու համար»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։ Սակայն ինժեներական ամրությունների կառուցման համար տեխնիկա գործարկելու նրանց փորձերը կտրուկ հակահարված են ստանում հայկական ուժերի կողմից։
Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:

Դիտվել է 9077անգամ
Վերջին լուրեր