Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2022 : 19-14

Զելենսկին խոսել է Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում խուճապը թշնամու լավագույն ընկերն է։ Այսպես է նա շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Խերսոնի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության` արդեն հաջորդ շաբաթ հնարավոր ներխուժման մասին տեղեկությունը, որը նախօրեին հրապարակվել էր համաշխարհային լրատվամիջոցների կողմից՝ ամերիկյան հետախուզության տվյալների վրա հղումով։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:

Զելենսկին ընդգծել է, որ տեղեկատվական տարածքում այս մասին չափազանց շատ նորություններ կան։

Նրա խոսքով՝ Ուկրաինան՝ որպես պետություն, պետք է հույսը դնի իր և իր զինվորականների վրա։



«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած օր: Ես կարծում եմ, որ ցանցում չափազանց շատ տեղեկատվություն կա Ռուսաստանի Դաշնության հետ լայնամասշտաբ պատերազմի մասին, նույնիսկ ասում են, որ կան համապատասխան տվյալներ: Մենք հասկանում ենք, որ կան ռիսկեր: Եթե ​​16-ին ներխուժման մասին 100 տոկոսանոց տեղեկություն կա, ապա մեզ տվեք այս տեղեկությունը։ Մենք տեղեկություն ենք ստանում մեր հետախուզությունից»,- ասել է նա։

ԱՄՆ-ից և գործընկերներից ստացվող տեղեկատվության վերաբերյալ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան դա հաշվի է առնում։

«Բայց մենք պետք է հստակ վերլուծենք դա և պատրաստվենք ցանկացած ռիսկի»,- հավելել է նա։

Նրա խոսքով` դեռ լայնամասշտաբ պատերազմ չկա.

«Եվ ես պետք է խոսեմ հանրության հետ՝ ունենալով իրական տեղեկություն: Մենք տեղեկություն ենք ստանում բազմաթիվ աղբյուրներից: Մենք նաև հետախուզություն ունենք: Չեմ կարծում, որ այն ավելի վատ է աշխատում, քան այլ պետությունների հետախուզությունը», - ասել է Զելենսկին:

Նա նաև նշել է, որ հնարավոր ներխուժման մասին տեղեկությունը կարող է խուճապ առաջացնել երկրում և ոչ մի կերպ չի օգնում Ուկրաինային։ Իսկ խուճապը, նրա խոսքով, թշնամու լավագույն ընկերն է։
Դիտվել է 39819անգամ
Վերջին լուրեր