14 / Փետրվար / 2022 : 14-31

Երևանը 2 կողմից ունի խզվածք․ այս մեկը դառնում է Սպիտակից հետո ամենաուժեղ երկրաշարժը․ սեյսմոլոգ

Երևանը 2 կողմից ունի խզվածք, ձախ կողմինը Երևանյան կոչվող խզվածքն է, իսկ աջ կողմից Գառնիի մեծ խզվածքն է, որը իջնում է մինչև Նախիջևանի սահման, ԱԻՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։

Ըստ նրա՝ տարբեր հաշվարկներով Երևանյանը թույլ պոտենցիալով խզվածք է․ «Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք 7 մագնիտուտին կարող են դիմակայել։ Նույնիսկ եթե սովորական շենքերը դիմակայեն, կարևոր նշանակության շատ օբյեկտներ չեն դիմակայում։ Այսօր ոչ միայն նորակառույցներն են շատացել, այլ նաև մասնավոր տներ են շատ սարքում։ Մասնավոր տները քիչ խոցելի են, քան շենքերը։ Պետք է իմնանք, սովորենք, որ մենք ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, դա պատահական երևույթ չի, միանգամ չեղավ ու վերջացավ»,-նշեց Սոս Մարգարյան։

Երևանում նորակառույցները 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ, սակայն 7 մագնիտուտը 20 կմ-ի վրա մի բալ է, 10կմ-ի վրա՝ մեկ այլ բալ։

«Այս մեկը դառնում է Սպիտակից հետո ամենաուժեղ երկրաշարժը»,-նշեց Մարգարյանը։


Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել են, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Դիտվել է 46357անգամ
Վերջին լուրեր