Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցերը առաջնագիծ ամբողջությամբ դիտարկվել է Արցախի ՊԲ ծառայությունների կողմից
Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին:
Ամենայն հավանականությամբ հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ՝ փորձելով ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համախատասխան ծառայությունների կողմից:
ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ մնալով համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, միաժամանակ տեղեկացնում է, որ առաջնագծում հակառակորդի ցանկացած շարժ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով իրականացված, գտնվում է ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր: