11 / Մարտ / 2022 : 14-48

«Մի քանի օր Օհանյանից լուր չկար, մտածել ենք` գերի է ընկել կամ զոհվել: Այդ օրը լացել եմ». Հարությունյան

Օհանյան ու Քարամյան. ԱՀ նախագահը պատերազմի օրերին իր համար երկու մարդու է «բացահայտել»։

Արցախի նախագահը Ստեփանակերտում հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել 44-օրյա պատերազմի վերաբերյալ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի մտավորականների հետ խոսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին ու իր վերլուծությունը ներկայացրել պարտության պատճառների մասին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Հարությունյանը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից առաջ հայ ժողովուրդն արդեն իսկ պարտված էր, քանի որ պարտվել էր դեմոգրաֆիական «պատերազմում»։

«Եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»,–նշել է Արցախի նախագահը` ընդգծելով, որ սպառազինությունների մոդեռնացման հարցում էլ ահռելի հետ ենք մնացել աշխարհից։

Նա հոկտեմբերի 3-ին վերջնականապես հասկացել է, որ պարտվում ենք, և ահազանգել է այդ մասին, բայց իրեն չեն լսել։
Ներկաները նաև հարցեր են տվել, թե ով ինչ դերակատարում է ունեցել պատերազմը վարելու հարցում։ Արցախի նախագահը երկու անուն է հնչեցրել՝ նշելով, որ իր համար «բացահայտում» է արել։

Մեկը, ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանն է, որն ամեն օր իր կողքին է եղել։ «Փոքր երեխու նման` ինչ խնդրել եմ, արել է»,–ասել է նա, հավելելով, որ երբ մի քանի օր լուր չեն ունեցել Օհանյանից (Շուշիում է եղել), մտածել են, որ նա գերի է ընկել կամ զոհվել, Հարությունյանը անգամ արտասվել է։ Երկրորդ անձը, որին «բացահայտել» է Արցախի նախագահը, Արգիշտի Քյարամյանն է եղել, որը նույնպես իրեն զարմացրել է իր հայրենասիրությամբ և նվիրվածությամբ։

Նա շեշտել է, որ Քյարամյանի անվան հետ կապվող՝ ինկասացիայի մեքենայով փողերը Շուշիից դուրս բերելու թեման ամբողջովին հորինված թեմա է, որովհետև Շուշիի բանկերը դեռ նախորդ օրերին էին գումարները հանել Շուշիից:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 150847անգամ
Վերջին լուրեր