19 / Մարտ / 2022 : 17-02

Պարը և մարզանքը երկարացնում են կյանքը... Ժակլին Սարխոշյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը, որը մեզ հետ զրույցում իր խոհերը կիսեց մենապարուհի դառնալու, ակտիվ գործունեության, բազմազան խաղացանկի և կարիերայի մասին:
-Ե՞րբ սկսեցիք բալետում որպես մենապարուհի ակտիվ գործունեություն ծավալել:

-Մենապարուհի դարձել եմ 1997 թվականին, իսկ ակտիվ գործունեություն միշտ եմ ունեցել, շաբաթը 4 ներկայացում ունեինք,իսկ շաբաթ և կիրակի Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» մանկական բալետն էր բեմադրվում: Իմ բախտը այնքանով է բերել, որ ես մասնակցել եմ շատ ներկայացումների, ինչը, ցավոք սրտի, հիմա չկա: Նաև աշխատել եմ Վիլեն Գալստյանի, Մաքսիմ Սահակովիչի, Աշոտ Անդրեեվիչի, լեգենդար Գրիգորովիչի հետ: Նման մարդկանց հետ աշխատելն էլ եմ ես համարում ակտիվ գործունեություն:

-Արդյոք անցե՞լ եք զրկանքների միջով բալետի պարուհի դառնալու համար:

-Սննդի առումով զրկանքներ չեմ ունեցել, բայց բալետի պարուհին և ընդհանրապես պրոֆեսիոնալ անհատը, եթե ուզում է բարձունքներ նվաճել,անշուշտ,զրկանքներ լինում են: Քիչ ուշադրություն ես դարձնում քո ընտանիքին, որովհետև ճամփորդում ես կամ ներկայացումներ ունես, ծով գնալ չես կարող, որովհետև իրավունք չունես վառվելու, փոքր զրկանքներ միշտ էլ եղել են ու կան բոլոր ասպարեզներում:Ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ բանով տարբերվում ենք, ուղղակի գենետիկայի հարցում բախտս բերել է՝ սննդի առումով զրկանքներ չեմ տարել:
-Ձեր խաղացանկը բազմազան է: Ձեր կերտած ո՞ր կերպարն է ավելի համահունչ Ձեր տեսակին:

-Ամեն կերպարի մեջ էլ կա մի մասնիկ, մի գիծ, որը անշուշտ, համահունչ է ինձ հետ: Ներքուստ ես ինձ ավելի զգում եմ «Կարմեն», աղջիկս ինձ նմանեցնում է «Սպարտակ»-ի Ֆրիգիային, մայրիկս նմանեցնում է «Դիմակահանդես»-ի Նինայի կերպարին, իմ ուսուցիչներն ասում էին, որ ես ծնվել եմ Ջուլիետայի համար, «Երազ» բալետը, որը բեմադրել եմ, այդ կնոջ կերպարի մեջ էլ որոշ մասնիկներ կան, որոնք պատկանում են ինձ: Երևի կնոջը բնորոշ բոլոր հատկանիշներն էլ կան իմ կերտած կերպարների մեջ:

-Ի՞նչն էր Ձեր կարիերայի գագաթնակետը:

-Իմ կարիերայի գագաթնակետը «Սպարտակ» բալետն էր, երկուսուկես ամիս լեգենդար Գրիգորովիչի հետ աշխատելն ու իր կողքին գտնվելը անբացատրելի է, իսկ եթե ուրիշ կողմից նայենք՝ որպես բեմադրիչ, երևի «Երազ» բալետը կամ վերջին մանկական ներկայացումը՝ «Պատերազմը մանուկների աչքերով», որը պարային էր, նաև ասմունք ու երաժշտություն կար, որում համադրել էի տրամբոն, քանոն, դաշնամուր և ջութակ, փորձել էի համադրել անհամադրելին: Գուցե դեռ չեմ հասել բեմադրական գագաթնակետին, բայց պարային գագաթնակետը «Սպարտակ» բալետն էր:
-Ի՞նչն է խանգարում մարդկանց երջանկությանը:

-Նախանձությունն ու չարությունը:

-Հարստությունը երջանկություն բերու՞մ է մարդկանց:

-Հարստությունն էլ հարաբերական է:Մարդ կա հարուստ է իր գիտելիքով, մարդ կա՝ դրամով,մոտ ընկերներով, բարեկամներով:Ես կարող եմ ասել, որ շատ հարուստ եմ, որովհետև ունեմ շատ լավ ընկերներ,հարազատներ: Հոգեկան հարստությունն էլ մեծ բավականություն է տալիս մարդուն:

-Ինչի՞ց են ծնվում գլուխգործոցները:

-Մտքերից ու գաղափարներից: Ինձ մոտ ծնվում է երազում: Կարող է երազում տեսնեմ ինչ-որ մի բան, արթնանամ,գնամ դահլիճ ու սկսեմ բեմադրել: Այս անգամ պատերազմը դրդեց, որ ներկայացում անեմ:Ես կասեի՝ իրավիճակից են ծնվում գլուխգործոցները:
-Կարծում եք՝ կանա՞յք են ընտրում տղամարդկանց:

-Միանշանակ կանայք են ընտրում տղամարդկանց: Եթե տղամարդը սկսում է սիրահետել, կինը թույլ տա, տղամարդը կշարունակի, եթե ոչ, չի շարունակի:Դրա համար ես համոզված եմ, որ կինն է ընտրում տղամարդուն ու կյանքի բերումով էլ ուղղություն է տալիս բոլոր պարագաներում:

-Ե՞րբ է աշխարհը գեղեցիկ:

-Աշխարհը միշտ է գեղեցիկ, իրեն ուղղակի փոխում են մարդիկ, իսկ մարդիկ շատ չարացած են: Հետո, նայած որ աչքերով ես նայում, ինձ համար աշխարհը միշտ գեղեցիկ է, նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ կարելի է շատ դրական կողմեր գտնել:Օրինակ՝ ես վերջապես կարողացա ժամանակ տրամադրել իմ ընտանիքին, մնալ տանը, կարդալ ու գրել, գնալ ամառանոց և այնտեղից հավաքել մրգեր: Երբեք դրա համար ժամանակ չեմ ունեցել, իսկ պանդեմիան ինձ տրամադրեց լեցուն ժամանակ:
-Առողջ լինելու համար պե՞տք է ամենօրյա մարզանք:

-Մարզանքը չափի մեջ միշտ է պետք, այո՛, դա առողջություն է: Ընդհանրապես, Հայաստանում ապրող անհատը իր առօրյայի մեջ պետք է զբաղվի պարով և սպորտով, քանի որ պարը և մարզանքը երկարացնում են կյանքը:


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 43938անգամ
Վերջին լուրեր