24 / Մարտ / 2022 : 13-04

Ադրբեջանն ապացուցել է, որ ինքն է պայթյունի հեղինակը․ Ադրբեջանը գազատարի վրա տեղադրել է փական․ Փաշինյան

Այսօրվա կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին:


Փաշինյանի խոսքով՝ Արցախը զրկված է բնական գազի մատակարարումից, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտությամբ:

«Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը և, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական: Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21-ին արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»:

Վարչապետը նկատեց՝ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:

« Չեմ կասկածում, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ ու համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ՝ առանց հարյուրավոր էջեր թերթելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրեց այն փաստի վրա, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 17178անգամ
Վերջին լուրեր