25 / Մարտ / 2022 : 09-23

Իրադրությունը Ասկերանի շրջանում գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում․ Շոյգուն՝ Պապիկյանին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։


ՌԴ ՊՆ-ին հղում տալով հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առկա իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել են ՌԴ ռազմական գերատեսչությունում։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44004անգամ
Վերջին լուրեր