27 / Մարտ / 2022 : 13-21

Ողջունելի է ՌԴ ՊՆ երեկվա հստակ հայտարարությունը․ Արցախի անվտանգության խորհուրդ

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն է հայտարարություն տարածել.

«Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում:

Մենք ակնկալիք ենք հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր: Այդ առումով ողջունելի է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա հստակ հայտարարությունը:

Նամակում խնդրում ենք նաև ավելացնել խաղաղապահ զորակազմի մարդկային ու տեխնիկական ներկայությունն Արցախում, որը կօգնի ավելի արդյունավետորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն շուրջ 500 կմ շփման գծի երկայնքով:

Պետք է քննարկել նաև խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության
անվտանգությունը»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն տարածած հաղորդագրության մեջ շեշտել է, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները:

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։


Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»,- ասված է հաղորդագրության մեջ։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Yelaket.am-
Դիտվել է 48483անգամ
Վերջին լուրեր