ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ․ ՊՆ խոսնակ
ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերության վերաբերյալ
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ՊԵԿ-Հիմնադրամ դրոշմանիշային վճարների, ինչպես նաև դրանց վերաբերյալ ցուցակների փոխանցման գործող սկզբունքով: Գումարը ՊԵԿ-ի կողմից Հիմնադրամին չփոխանցելը մինչև գործատուի ողջ պարտավորության մարումը կարգավորվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների մասին» ՀՀ օրենքով և ամբողջությամբ իրավական է:
Մասնավորապես՝ փորձենք պարզ օրինակի միջոցով բացատրել գումարները Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու սխեման:
10 աշխատակից ունեցող ընկերության դեպքում, ենթադրենք, հունվար ամսին գործատուն 9.000 դրամ է փոխանցում գանձապետական հաշվեհամարին: Միևնույն ժամանակ նույն ամսվա համար էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի հաշվետվություն է ներկայացնում 10 աշխատակցի համար: Այս պարագայում 9.000 դրամը չի փոխանցվում Հիմնադրամին, քանի որ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ աշխատակցի համար չի վճարվել դրոշմանիշային վճարը (դրոշմանիշային վճարը գործատուն կատարում է ոչ թե անհատապես, այլ մեկ թվով՝ միանվագ վճարելով 1000 դրամ մեկ աշխատակից սկզբունքով):
Փետրվար ամսին նույն գործատուն վճարում է 15000 դրամ և նորից ներկայացնում եկամտային հարկի հաշվետվություն 10 աշխատակցի համար:
Այս պարագայում գանձապետական հաշվից Հիմնադրամին փոխանցվում է 20000 դրամ, իսկ ավել 4000 դրամը շարունակում է մնալ գանձապետական հաշվին:
Տարբերության առաջացման երկրորդ պատճառն այն է, որ ուժային կառույցները օրենքով անձնավորված տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնող մարմիններ չեն, հաշվի առնելով անվտանգության և գաղտնիության հետ կապված որոշակի խնդիրներ: Այդ պատճառով ուժային կառույցների համար գործում է գանձապետական այլ հաշվեհամար:
Բարձրացված հարցադրումներն ընդհանրապես վերանում են, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, այլ ոչ թե եռամսյակային կամ ամսական: Նշված հաշվետվությունը, որում արտացոլվում են Հիմնադրամի թե մուտքերը և թե ելքերը, Հիմնադրամը պարտադիր հրապարակում է ամեն տարի և հասանելի է յուրաքանչյուր շահագրգիռ քաղաքացու համար: