12 / Ապրիլ / 2022 : 09-45

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

«Ի պատասխան տարբեր հարցումների՝ պարզաբանում ենք, որ այսօր, Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:

Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանը 24News-ի հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 95505անգամ
Վերջին լուրեր