13 / Ապրիլ / 2022 : 12-51

Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, hակառակ դեպքում չենք կարող օգնել. Փաշինյան

Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի 2021 թ. կատարողականի մասին զեկույցը:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ:

Հակառակ դեպքում,- ասում է միջազգային հանրությունը,- խնդրում ենք մեզ վրա հույս չդնել: Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը պատմեց օտարերկրյա մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած զրույց, որը, նրա ձևակերպմամբ, խոր հետք է թողել իր մտքում:

«Այդ պաշտոնյան ասում էր, որ իր ժողովուրդը վերջին 200 տարվա ընթացքում 7 անգամ դիլեմայի առաջ է կանգնած եղել՝ կռվե՞լ, թե չկռվել: Եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու հաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու անհաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են չկռվել, բայց չեն կարողացել չկռվել, որովհետև կռիվը պարտադրվել է իրենց: Բայց, մեծ հաշվով, այդ հարցը անընդհատ հառնում է ժողովուրդների առաջ, որովհետև կա մի սարսափելի փաստ. այսօր աշխարհում կամ հին աշխարհում կա՛մ չկա երկիր, կա՛մ շատ քիչ են երկրները, որոնք գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով և արդար են համարում դրանք: Չկա պարզապես, բայց ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ պետք է կանգ առնել ու ինքը՝ այդ պաշտոնյան, շնորհակալ է իր այն սերնդին, որը կանգ առնելու որոշում է կայացրել և կարողացել է կյանքի կոչել այդ որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 45249անգամ
Վերջին լուրեր