13 / Ապրիլ / 2022 : 15-24

Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի. Նիկոլ Փաշինյան

ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ իր սեղանին որպես բանակցային թղթի վերնագիրն է եղել «О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования» (Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին):

«Այսինքն՝ այն մարդը, որն ասել է, թե փուլային լուծումը պարտավողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը դա է, այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման, բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան. հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե՞ չէ: Ասում են՝ իրենք Ղարաբաղի հարցը այսպես, այնպես կլուծեին. Ժողովուրդ ջան, լուծեիք: Մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ», - ասաց վարչապետը:

Անդրադառնալով համանախագահների դերակատարմանը՝ նա ասաց, թե իրենք վերցնում են գաղափարներ, թե տարբեր կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ:

«Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ, բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր, այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակի», -ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, թե համանախագահները 2016 թվականի հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որի իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու, հայկական կողմը, բնականաբար, մերժում է:

«Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ», - մանրամասնեց վարչապետը:


Նա հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հարցազրույցում հնչեցրած միքտը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը:

«Մեծ հավանականությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա նկատի ուներ, այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի, բայց միջազգային հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության և, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա», - ասաց վարչապետը՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքներում էլ դա կա։

Վարչապեն անդրադարձավ ընդդիմության՝ իշխանության ուղղված հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան:

«Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ո՞նց եղավ, որ թակարդի մեջ ընկանք. մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից, դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019-ի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես», - հայտարարեց նա:

Կարո՞ղ էինք կանխել պատերազմը, վարչապետը պատասխանեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի: Այս նույն վիճակը, բոլոր հարցերով, բոլոր նրբություններով: Բաներ կան, որ ես հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23032անգամ
Վերջին լուրեր