07 / Մայիս / 2020 : 17-16

Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան

Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։

Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային հարաբերություններում, տնտեսական դաշտում։

Բոլորին հետաքրքրում է, թե ոնց ենք հաղթահարելու տնտեսական սպասելի ճգնաժամը, ու ինչպե՞ս ենք ապրելու այդ ճգնաժամից հետո։
Ձեր անունը փորձի և գիտելիքի հետ ենք նույնացնում, և շատերի համար հետաքրքիր կլինի, թե ինչ եք կարծում Դուք։
Հայաստանում բիզնեսի դաշտը, ինչպես ասում եք, անսահման հնարավորություններ է տալիս, բայց մենք դրանք չեն կիրառում։ Հիմա մի ժամանակափուլ է, երբ այդ հնարավորությունների դաշտը կմեծանա, կամ կփոքրանա։

Մենք ի՞նչ ծանրության հետևանքներ ենք ակնկալում Հայաստանում։

Չեմ կարող ասել, թե ինչ ծանրության հետևանքներ կունենանք ընդհանուր առմամբ, երևի ոչ ոք չի կարող հստակ ասել։ Բայց կարելի է դիտարկել որոշակի ոլորտների մասով։ Ամեն դեպքում, աշխարհն էլ նույնը չի լինի, առհասարակ, էլ ոչինչ նույնը չի լինի։ Բիզնեսում նույնպես։

Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս։ Դոմինոյի էֆեկտով իրար կհաջորդեն միմյանց հետ փոխկապակցված ոլորտների անհաջողությունները, ճգնաժամից հետո դեռ որոշ ժամանակ որոշակի ոլորտներ կմնան ստվերում, քանի որ մարդիկ չեն կարողանա իրենց թույլ տալ որոշակի ծախսեր, որոնք չեն ենթադրում կենսական կարևորության պահանջներ։

Հնարավո՞ր է կանխատեսել, թե բիզնեսի ո՞ր ոլորտներն են Հայաստանում սպառնալիքի տակ, որոնք ճգնաժամից հետո կունենան հաջողություն ։

Կլինեն ոլորտներ, որոնք իսկապես կտուժեն, որոշները դուրս կմնան բիզնես դաշտից։ Արդեն շատ ոլորտներում անկում կա՝ զբոսաշրջությունը, դրա հետկապված այլ ծառայությունները՝ ուղևորափոխադրումներ, հյուրատներ, տարբեր ժամանցի վայրերը՝ ռեստորաններ, բարեր և այլն։

Հակառակը, հաջողություն կունենան այլ ոլորտներ, նոր բիզնեսներ կձևավորվեն, Հայաստանում կզարգանա օնլայն ծառայությունների ուղղությունը՝ օնլայն գնումներ, օնլայն կրթություն և այլն, որն արդեն տեսնում ենք գործի մեջ։

Մինչև այժմ մենք այս ուղղությամբ չէինք գրանցում լուրջ հաջողություններ, քանի որ չէինք առնչվել, ու փորձ չունեինք, հիմա հանգամանքները կթելադրեն իրենց կամքը, և մարդիկ իրենց համար կբացահայտեն հեշտ ու արագ ծառայություն ստանալու եղանակներն, ու կկիրառեն դրանք։

Կա՞ն Հայաստանի համար վիճակագրական քայլեր, որոնք կարող են կանխել բիզնեսի անկումը։

Կան։ Որոշակի քայլեր արդեն արվում են պետության կողմից, բայց հայտնի չէ՝ դրանք բավարար կլինեն, թե ոչ։

Տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է շրջանառու գումար լցնել բյուջե բոլոր հնարավոր ճանապարհներով՝ սկսած անտոկոս վարկերից, մինչև նպաստների ավելացնում, ամբողջ աշխարհն այս ուղղությամբ է աշխատում։

Տարբեր վարկային ծրագրեր կան, որոնք կարճաժամկետ են, հարկավոր է առավել երկարաժամկետ վարկերի ուղղությամբ մտածել։

Հաճախ հենց գործարարներից ենք լսում, որ տնտեսությունը զարգացնելու համար պետք է օգնել տեղական արտադրողին, օգտվել տեղական արտադրանքից։

Տեղական արտադրողին պետք է օգնել, սակայն ներկրողին էլ է պետք օգնել, տեղական արտադրողն ու արտահանողն առավելություն ունեն՝ ներկայացնում են երկիրդ, բայց կան ներկրող կազմակերպություններ, օրինակ դրանցից մեկն ունի 150 աշխատող, իրենց մասին նույնպես պետք է մտածել։ Ներկրողը նույնպես երկրի գործարարն է։

Եվ ամենակարևոր հարցը՝ ի՞նչ անել կարանտինի օրերին։

            Աշխատել։ Կրկնակի շատ աշխատել։

Ավելացնենք, որ այս օրերին Վահրամ Միրաքյանը ոչ միայն շատ է աշխատում, այլ իր թիմի հետ միասին ակտիվորեն գործի  դնում իր նոր բիզնեսը՝ «Ֆիթլանդիա» առողջ սննդի հարթակը։ Փաստորեն, կարանտինը դատավճիռ չէ։

Առողջ լինենք։

Հարցազրույցի հեղինակ՝ Կարինե Փանոսյան

Դիտվել է 38172անգամ
Վերջին լուրեր