Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Ապրիլ / 2022 : 14-50

Ադրբեջանը պղծել է Հադրութի եկեղեցին. հանվել է խաչը, ջնջվել հայկական արձանագրությունը (լուսանկարներ)


2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։

Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ ի ցույց է դնում, որ եկեղեցուց հանվել է խաչը։ Գրում է war.karabakhrecords.info–ն։

Բացի այդ, ադրբեջանցիները, հետևելով Ադրբեջանի նախագահի՝ հայկական եկեղեցիների գրությունները ջնջելու հորդորին, ջնջել են եկեղեցու մուտքի արձանագրությունը առ այն, որ եկեղեցին վերանորոգվել է Միխայիլ Բաղդասարովի ֆինասնական աջակցությամբ։


Եկեղեցու տարածքում բացակայում են նաև գորգերը, ծիսական պարագաները, պատերից հանված են սրբապատկերները։ Տարատեսակ ադրբեջանական անուներով պղծվել են եկեղեցու արտաքին պարսպի պատերը։

Այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականության արդյունք է, ինչի մասին են վկայում մասնավորապես այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։


Ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քյարիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակը Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։

Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1621թ. [Մակար Բարխուդարյանց]։ Այն հետագայում վերանորոգվել է 1819 թվականին, հենց այդ ժամանակ էլ տեղադրվել է եկեղեցու գմբեթը [«Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները», Մկրտչյան Շ․, 1987, Երևան, էջ 3]։

Սուրբ Հարություն եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1999 թվականին Մ․ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ։ Պատերազմից առաջ Սուրբ Հարությունը գործող եկեղեցի էր, պատերազմի ընթացքում չի տուժել։ Եկեղեցու պղծումը հետևողական կերպով իրականացվել է պատերազմի ավարտից հետո։

Պատերազմից հետո նույն կերպ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային վանդալիզմ զոհ են դառնում բոլոր հայկական մշակութային կոթողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հանել են նաև Հադրութում գտնվող Սպիտակ խաչ եկեղեցու խաչը, Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը, պղծել Թալիշի եկեղեցին, գրեթե ավերել Շուշի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24703անգամ
Վերջին լուրեր