Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2022 : 14-11

Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների միջնորդությունը բավարարվել է

Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

«Միջնորդությունը բավարարվել է, դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։ Ես հիմա քննիչի մոտից եմ դուրս գալիս, ըստ քննիչի՝ պլանավորվում է հարցաքննություն, թե երբ, այդ մասին դեռ որևէ տեղեկություն չունեմ, քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը։ Հետագա անգործությունը բացառելու նպատակով մենք ծնողների հետ այսօր մի փոքր քննարկում կունենանք, և օրվա երկրորդ կեսին մենք կներկայացնենք առավել կտրուկ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություն կատարելու մասով»։

Հարցին, թե քանի՞ ծնող է այս պահին ճանաչվել տուժողի իրավահաջորդ, Վահան Հովհաննիսյանն ասաց՝ 27 անձ դատախազի կողմից, ևս 15 ծնողի վերաբերյալ իրենք են միջնորդություն ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, և այս պահին 8 կամ 9 ծնողը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, բայց գործընթացը դեռ շարունակվում է, այսօր վեց անձ հարցաքննվել է։

Հարցին թե ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեից գործը տեղափոխվեց Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, փաստաբանն ասաց․«Միանշանակ պարզ է, Հակակոռուպցիոն կոմիտեն չէր կատարում դատախազի ցուցումները, անգործություն էր ցուցաբերում և նաև նշեմ, որ դա ոչ միայն դատավարական անգործություն է, այլ նաև իր մեջ առերևույթ հանրային վտանգավորության տարրեր է պարունակում՝ հանցագործության տարրեր»։

Փաստաբանն ասաց, որ Փաշինյանը պետք է հարցաքննվի Քննչական կոմիտեում, ոչ թե քննիչը պետք է գնա ՀՀ կառավարություն։


2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20475անգամ
Վերջին լուրեր