21 / Մայիս / 2022 : 19-59

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. Կապիկի ծաղկի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հետևյալը․ ՀՎԿԱԿ-ը իրազեկում է

ԿԱՊԻԿԻ ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։ Այս մասին իրազեկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։

Նշենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:


Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):


Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,

• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,

• կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,

• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 277540անգամ
Վերջին լուրեր