Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մայիս / 2022 : 17-23

Ամեն 6-րդը չգիտի՝ ինչի վրա ծախսել ժամանակը. ինչպես են դառնում խաղամոլ

Սկսում են 500 դրամից ու արդյունքում կուտակում միլիոնների պարտքեր: Շատերի մոտ է խաղային կախվածության պատմությունը միանման սկիզբ ունենում:

Նարինե Աբրահամյան (Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան) - Շատ անմեղ փորձերից է երբեմն սկսվում, շատ մարդիկ կասեն, որ սպորտային դրույքներ են արել, շատ հետաքրքիր է, դրայվ կա, և այդպես...

Պաշտոնական վիճակագրություն, թե քանի մարդ է Հայաստանում խաղամոլ, չկա, բայց հայտնի է նախորդ տարվա խաղային շրջանառությունը՝ 3 տրիլիոն 900 մլրդ դրամ. պետբյուջեի եկամտային մասը կրկնակի գերազանցող գումար:



Գևորգ Փաշիկյան (ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու) - Խաղամոլություն ասում ենք այն դեպքում, երբ անձը հաճախ մոլեխաղերով է զբաղվում, և այդ վիճակը զբաղեցնում է իր կյանքում դոմինանտ դիրք՝ աստիճանաբար հետ մղելով արժեհամակարգը, որ նա ունեցել է:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ խաղերով իրենց ժամանցը կազմակերպողների միջինում 2-3%-ը տառապում է խաղամոլությամբ: Այս ցուցանիշը տատանվում է՝ կախված տվյալ երկրի սոցիալ-տնտեսական մակարդակից, զբաղվածությունից, նույնիսկ՝ կրոնից:

Գևորգ Փաշիկյան - Ոնց որ բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում նույնպես կանխարգելումն ավելի կարևոր է, քան բուժումը:

Իսկ բուժումը երկարատև գործընթաց է, ինչպես մյուս կախվածությունների, այնպես էլ մոլախաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակման դեպքում:

Գևորգ Փաշիկյան - Շատ դժվար պրոցես է, և բուժման էֆեկտիվությւոնը, ցավոք սրտի, շատ բարձր չէ: Նախ՝ դիմելիությունը. խաղամոլություն ունեցող անձանց մոտ 70 տոկոսն է դիմում բժշկի, իսկ դրանցից էլի 70 տոկոսը վերադառնում է խաղամոլությանը:

Թվում է՝ խաղայինը, ի տարբերություն մյուս կախվածությունների, այդքան էլ վտանգավոր չէ, որևէ վնասակար նյութ քո օրգանիզմ չի ներմուծվում, բայց մեր ուղեղում տեղի ունեցող գործընթացը նման է թմրանյութից կամ խմիչքից կախվածությանը:
Նարինե Աբրահամյան - Դառնում է լիցքաթափման միակ հնարավորությունը խաղը, մի հատ խաղամ, մի հատ դրույք անեմ, բայց էն պահը երբ վերահսկելիս անվերահսկելի է դառնում, շատ դժվար է որսալ:

Բուժումը հիմնականում իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում: Կախվածությունները հաղթահարելու դեպքում մեծ է հոգեբանների դերը:

Նարինե Աբրահամյան - Շատ դժվար պրոցես է, այստեղ վախեցնող ու հիասթափեցնող գործոնն այն է, որ նույնիսկ թերապիայի ընթացքում կարող ենք ձախողում ունենալ:

Ըստ հոգեբանի՝ խաղամոլության արմատները կարող են գալ մանկության տարիներից, տրավմաներից: Նաև, երբ մարդը չի զբաղվում ցանկալի գործով կամ պարապ ժամանակը չգիտի ինչպես լցնել:

Նարինե Աբրահամյան - Կարելի է ասել՝ ամեն 6-րդը մեզնից ունի ժամանակ, որ չգիտի ինչի վրա ծախսել, կամ զբաղվում է այն բանով, ինչն իր սիրելի գործը չէ:

Ընդհանուր առմամբ դիմելիությունը բարձր չէ, բայց վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել խաղամոլությունից ազատվելու համար հոգեբանին այցելությունները:

Նարինե Աբրահամյան - Լավագույն դեպքը, որ էս պահին ունենք, մարդը 4-5 ամիս է՝ չի խաղում՝ 7 -8 տարվա կախվածությունից հետո: Ունի նվաճումներ աշխատանքում, անձնական կյանքում: Բայց չենք կարող համարել, որ դեպքը անշրջելի Է:

Ավելի հաճախ հոգեբանին դիմում են ծնողները, ընտանիքի անդամները: Բայց մասնագետի խոսքով՝ աշխատանքն ամենից արդյունավետը լինում է, երբ կախվածություն ունեցողն անձամբ է որոշում կայացնում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27066անգամ
Վերջին լուրեր