29 / Հունիս / 2022 : 14-14

Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական․ Արցախի ԱԻՊԾ

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որին մասնակցել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: Yelaket.am-ը տեղեկացավ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը Կարեն Սարգսյանին զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նույնականացման արդյունքներով հաստատված աճյունների և դրանցում առկա խնդիրների մասին:

Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահը անհայտ բացակայող համարվող զինծառայողների հարազատների հետ քննարկել է դատագենետիկական նույնականացման հետագա գործընթացի, կրկնակի նմուշառումների անհրաժեշտության և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է ծնողներին, որ հանձնաժողովն ամբողջ գործիքակազմով լծված է անհայտ ճակատագրերի բացահայտման ուղղութամբ տարվող աշխատանքներով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս այս ձևաչափով շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալ և քննարկել հետագա անելիքները:
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից նաև հայտնում են, որ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Քննարկվել են 2022 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների հետ, օգտագործելով բոլոր լծակները՝ մարդասիրական կառույցների և մարդու իրավունքների եվրոպական դատարանի խողովակներով մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման հարցերով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:

Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

Ելույթներով հանդես են եկել և իրենց կողմից կատարված աշխատանքները ներկայացրել ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, Արրտաքին գործերի նախարարության, ՊՆ-ի, Քննչական կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի, Սոցապպաշտպանության ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձն ապահովելու հարցում Ադրբեջանը շարունակում է ցուցաբերել ոչ կառուցողական մոտեցում:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին, մասնավորապես, փոխգործակցությունն ավելի ամրապնդելու՝ հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10926անգամ
Վերջին լուրեր