30 / Հունիս / 2022 : 19-22


Թշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան

Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինձ համար ողբերգություն է:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում հաստատել է, որ Բերձոր, Աղավնո և Սուսի համայնքները Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործումից հետո հայտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նկատենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման մասին, սակայն խոսք չկա Բերձոր և Աղավնո համայնքները հանձնելու մասին:

Մեզ հետ զրույցում, սակայն, Մովսես Հակոբյանը պնդեց, որ դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է.

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Բերձորի և Աղավնոյի հանձնումը նույնպես նույնպես նշված է, ուշադիր կարդացեք»,-ասաց նա:


Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Բերձորը շրջանցող նոր ճանապարհ է կառուցում, որը Արցախը և Հայաստանը կապող միակ ճանապարհն է լինելու:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ թշնամին սադրանքների կդիմի և կարգելի հայկական կողմին օգտվել այդ ճանապարհից՝ վերջնականապես կտրելով Արցախ-Հայաստան կապը՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց.

«Մինչև 2025թ-ը չի կարող, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՊՆ ներկայացուցիչ Սահակ Սահակյանը վերջերս հայտարարեց, որ օգոստոսի 1-ից Արցախում այլևս ժամկետային զինծառայողներ չենք ունենա, իսկ Արցախի ՊԲ-ն կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով: Մեզ հետ զրույցում ԳՇ նախկին պետը նշեց, որ սա նույնպես եռակողմ հայտարարության պահանջն է.

«Այս որոշումը վաղուց է կայացվել, նոր չէ, այն կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջն է, 5-րդ կետում է նշված»,-ասաց նա:

Նշենք, որ եռակողմ հայտարարության 5-րդ կետում ասվում է.

«Հակամարտության Կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 87766անգամ
Վերջին լուրեր