Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2022 : 17-41

Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի պաշտոններից հրաժարվել են

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում հայտնել են, որ հրաժարական են ներկայացնում ԱԺ հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը զբաղեցնում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, Արթուր Խաչատրյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:

Ավելի վաղ հայտնել էինք,որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից ևս և չի առաջադրի նոր թեկնածուներ թափուր պաշտոններում։

Հիշեցնենք նաև, որ այսօր հուլիսի 1-ի առավոտյան ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին զրկեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ 1 տարի է՝ հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։


Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ՔՊականները հերթական հարվածը հասցրին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականությանը։ Խորհրդարանի ՔՊական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Որոշումներն ընդունվեցին միաձայն՝ Սովետական Միության ամենանողկալի ավանդույթներին համահունչ։

Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից, զրկելով նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների։

Որևէ պաշտոնի, որ երբևիցե զբաղեցրել եմ, վերաբերվել եմ ամենայն լրջությամբ, բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտոն զբաղեցնելն այլևս անթույլատրելի եմ համարում։ Ըստ այդմ, սույնով հայտարարում եմ, որ այսօրվանից վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանն աներևակայելի արագ քայլերով հեռանում է ժողովրդավարական արժեքներից։ Փնթի բռնապետությունն այլևս իրողություն է։ Երկրի կառավարումը իրականացվում է բացառապես մեկ անձի քմահաճույքներով։

Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է՝ կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։
Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք. համախմբումը և հանուն հայրենիքի պայքարը միակ ճանապարհն է հայրենազրկումը կասեցնելու և դեպի ՀԱՅ ժողովրդի պատմական նոր արշալույս հասնելու համար։

Սա է իրական և միակ օրակարգը։

Հայը ունենալու է ինքնիշխան ապրելու իրավունք, արարելու և կայուն զարգանալու հնարավորություն։
Օրվա իշխանությունը փորձում է ամեն գնով թուլացնել իրենց ազգադավ ընթացքին հակադրվող դիմադրողականությունը։ Հիմա էլ, իրենց արշինով առաջնորդվելով, ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձում են լռեցնել՝ Ազգային ժողովում վարչական պաշտոններից զրկելով։
Չի լինելու։ Այսպիսով Դիմադրողականությունը ավելի մեծ թափ է ստանալու։

Պաշտոնը մեր համար նպատակ չէ։ Դա ընդամենը միջոցներից մեկն է հանուն հայրենիքի պայքարում։
Կարճ. պայքարելու ենք մինչև ՀԱՂԹԱՆԱԿ, որի համեմատ պաշտոնը, մանդատը ոչինչ են։
Իմ ազգին ծառայել եմ, այսուհետ ծառայելու եմ՝ ամեն օր ավելի մեծ նվիրումով, իմ ունեցած ողջ ներուժով, հնարավորություններով և ամենակարևորը՝ անկոտրում վճռականությամբ։

Իսկ հիմա, ի պատասխան օրվա իշխանության՝ մեզ լռեցնելու մեռելածին հերթական փորձի, հայտարարում եմ.
Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։
Աստված մեզ օգնական
Հաղթանակը մոտ է

ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ հարատև է ․․․ »։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10849անգամ
Վերջին լուրեր