Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հուլիս / 2022 : 17-35

Հորը 44-օրյա պատերազմում անհետ կորած ներկայացնելով խարդախությամբ ստացել են 11 միլիոն դրամ. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում (ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ) ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, 12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհետ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:

30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /դատական գործ Կ/Դ8867/02/21/ Խ.Ա.-ին անհետ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020 թ․ 44-օրյա պատերազմին, ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի:


22.11.2021թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհետ բացակայող, և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դուստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ, որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 ՀՀ դրամ:

ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել:

Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (խարդախություն) և 550-րդ (զինվորական պաշտոնեական անփութություն) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 28270անգամ
Վերջին լուրեր