14 / Հուլիս / 2022 : 12-14

Ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրվել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում. Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրիում մանկապարտեզի հիմնանորոգմանը:

«Դեռևս 2018 թվականին ես Մեղրիում խոստացել եմ մանկապարտեզի շինարարությունը, որ շահագործման կհանձնվի: Ընդ որում՝ դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել որպես համաֆինանսավորող: Բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրվել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Ընդ որում՝ այստեղ գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել: Ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից, ըստ էության, խայտառակ պատկեր է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը Սյունիքի մարզպետին հանձնարարեց խիստ հսկողության տակ առնել հարցը:

«Տրամաբանությունը հուշում է, որ տարի-տարիուկես առաջ մանկապարտեզը պետք է պատրաստ լիներ: Պետք է մեր սկզբունքներով վերցնել հսկողության տակ: Ձեր առջև դրված խնդիրն է, որ օր առաջ մանկապարտեզը մեր սկզբունքների համաձայն շահագործման հանձնվի, երեխաների համար դռները բացվեն»,- ասաց Փաշինյանը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 13317անգամ
Վերջին լուրեր