26 / Հուլիս / 2022 : 19-18

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուգանդայում հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, ռազմական գործողություններն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Կիևից պատասխան չկա, փոխանցում է РИА Новости-ն։

«Երբ ուկրաինական կողմը առաջարկել էր բանակցություններ վարել ռազմական գործողության վաղ փուլում, մենք համաձայնեցինք, մի քանի փուլ բանակցություններ ընթացան, ինչը հանգեցրեց մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններին, երբ ուկրաինական կողմն առաջարկեց պայմանագրի տարբերակը։ Դրան մենք աջակցել ենք և տեղեկացրել Կիևի մեր գործընկերներին։ Բայց դրանից հետո մենք նրանցից ոչ մի արձագանք չենք ստացել, թեև, նորից եմ ընդգծում, մենք համաձայնել ենք նրանց մոտեցմանը, ըստ էության»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տեղյակ է, թե նրանց գործընկերները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք երկրներ, արգելել են ուկրաինացիներին բանակցել ռուսների հետ՝ իր նշած հիմքով։

«Ես մի քանի օր առաջ տված հարցազրույցում ասացի, որ Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ բանակցությունների նկատմամբ: Անմիջապես, ընդամենը մի քանի ժամ անց Պետդեպարտամենտի խոսնակն ասաց, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ այժմ Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը չէ. եզրակացություններ արեք՝ հարցրեք ձեր ամերիկացի գործընկերներին, թե որն է պատճառը»,- ընդգծել է Լավրովը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5690անգամ
Վերջին լուրեր