Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Օգոստոս / 2022 : 10-43

Պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։

Անընդհատ պաշտոնական հաղորդագրություններ է տարածվում տարբեր ուղղություններով՝ Արցախի և ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումներ մասին՝ ակնհայտորեն փորձ է արվում այդ «խախտումների» աղմուկը բարձրացնել։

Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցե, ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում։

Սրա հետ կապված ՀՀ ՊՆ-ն ու Արցախի ՊԲ-ն կանոնավոր հերքումներ են տարածում, ինչն ավելի է ընդգծում Ադրբեջանի կողմից իրականացվող «տնային աշխատանքը»։

Ադրբեջանական քարոզչամեքենան նման տեղեկատվական գրոհներ երբեք պատահական չի կազմակերպում։

Ի դեպ, օրեր առաջ, ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում ոչ պաշտոնական հայտարարություններ էր տարածվում, որով զգուշացվում էր, որ ռազմական տեխնիկայի, սպառազինության, զինվորական շարասյունների շարժեր նկարելն ու հրապարակվելն արգելվում է, իսկ ռազմական բնույթի գրառման համար նույնիսկ ռազմական լրագրող ձերբակալում։

Զուգահեռ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ խոսում էին Արցախի ապառազմականացման մասին՝ որոշ դեպքերում՝ ուղիղ, երբեմն՝ ակնարկով, սպառնում, այսպես կոչված, «հակահաբեկչական գործողություններ» իրականացնելու անհրաժեշտության մասին։

Մյուս կողմից՝ մեր հանրության շրջանում և հատկապես սահմանամերձ հատվածներից խուլ զրույցներ են շրջանառվում թշնամու՝ տարբեր ուղղություններով շարժերի մասին։


Թե ինչ շարժերի մասին է խոսքը՝ ուսումնական զորավարժությունների՞, ինժեներական աշխատանքների՞, ուժի ցուցադրմա՞ն, թե՞ տեղային գործողությունների նախապատրաստման մասին, այս պահին դժվար է ասել։

Այդպիսի տեղեկատվության ամենամեծ ծավալով կարող է միայն պետությունը տիրապետել՝ իր համապատասխան կառույցներով,, սակայն իշխանությունը լուռ է։

Այս տեսանկյունից սցենարային զարգացման 2 հիմնական տարբերակ դիտարկենք։

Առաջին, Ադրբեջանը դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով։
Երկրորդ, ամենամեծ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ։

Տարածքներ, որոնց վերաբերյալ կա կուլիսային պայմանավորվածություններ, սակայն դրանց խաղաղ հանձնումը ՀՀ իշխանությունների համար հղի է իշխանության կորստով։ Իսկ նրանց համար առաջնայինը ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է, այլ սեփական իշխանության պահպանումը։

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հանրությանը համոզում էր, որ Ադրբեջանի հետ խայտառակ գործարքի գնալով 25հզ մարդու կյանք է փրկել, իսկ Կովսականն ու Սանասարը հանձնելով՝ նոր ավելի մեծ ագրեսիա կանխել։

Պատերազմից հետո Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացը շարունակվում է, իսկ իշխանությունը շարունակում է արդարանալ ու նոր «հիմնավորումներ» փնտրել իր զիջողականությունն արդարացնելու համար։

Պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. երկու դեպքում էլ գործ ունենք Հայաստանի ու Արցախի համար ծայրահեղ ծանր հետևանքներ ենթադրող գործընթացների մասին»,- գրելէ Տիգրան Աբրահամյանը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35949անգամ
Վերջին լուրեր