Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Օգոստոս / 2022 : 12-30

Պատերազմը և համաճարակը չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ. Արաքս Մանսուրյանի բացառիկ հարցազրույցը

Ելակետ/ Yelaket լրատվականի զրուցակիցն է օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը ձայնի բնորոշման, հային իր հայրենիքից «օտարելու», հանդիսատեսի, սիրո և երջանկության մասին: -Բառը հոգի է, իսկ ինչպիսի՞ բնորոշում կտայիք ձայնին:
-Ձայնը մարդկային հոգեվիճակի և ապրումների հետ է կապված, հետևաբար ձայնը նույնպես հոգի է: Երբեմն լսում ես այս արտահայտությունը ՝ «հոգով է երգում» կամ « հոգով է կարդում» ...Եթե երգում ես կամ կարդում ես միտք և հոգի դնելով կատարմանդ մեջ՝ կատարողական և հոգեկան ապրումներդ հասցնելով և կիսելով այն ունկնդրիդ հետ՝ ուրեմն և՛ բառը, և՛ երգը մատուցվում են որպես ոգեղենից ծնվող հոգի:

-Հայկական երաժշտության ակունքները աղերսներ ունե՞ն արևելյան կամ արևմտյան երաժշտության հետ:
-15-16- րդ դարերում , երբ մենք Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ էինք, ցավոք, այդ ժամանակ չէր կարող չլինել արևելքի ազդեցությունը Հայաստանում ՝ ինչպես և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մոտ : Եկավ մեծն Կոմիտասը՝ ով հավաքագրելով և ուսումնասիրելով հայ ժողովրդական երգը՝ զտելով եւ բյուրեղացնելով, մաքրելով օտար զարդանախշերից ՝ ապացուցեց, որ հայը ունի իր ինքնուրույն երաժշտությունը: Ցավոք, այսօր կա մի դասակարգ ՝ ով անտեսելով մեր հրաշալի երգերը, նախընտրում է լսել այն երգերը, որոնք մեր ազգային երաժշտության հետ ոչ մի աղերս չունեն:

-Մենք ունենք արժեքներ, որոնք հասանելի չեն հասարակությանը: Սա կրթակա՞ն, թե՞ մշակութային խնդիր է:
-Կրթությունը դեռևս դպրոցական տարիքից ունի իր կարևոր դերը երեխայի կյանքում. նա պիտի այդ տարիքից պատրաստ լինի ունենալու իր կողմնորոշումը , իր ընտրությունը, հետեւաբար շատ կարևոր է ունենալ գիտելիք մշակույթի բնագավառներում,քանի որ արտաքին աշխարհը քեզ ճանաչում և գնահատում է քո մշակույթով: Հետևաբար՝ անհրաժեշտ է ունենալ գիտելիք թե՛ կրթության, և՛ թե մշակույթի ոլորտում:

-Ի՞նչն է հային «օտարում» իր հայրենիքից:
-Կան մարդիկ, ովքեր գործի բերումով կամ այլ նպատակներով մեկնել են արտերկիր։ Հավատում եմ, որ երկրի կարոտը և «ՏՈՒՆ» վերադառնալու երազանքը շարունակաբար իրենց հետ է...Իսկ այն մասսան ,ով մեկնում է «լավ» ապրելու համար, այս դեպքում առաջանում է ինքնաճանաչման հարցը,որի մեջ մտնում է քո ազգի անցած ճանապարհը, որի մի մասն ես դու, քո պատմությունը, քո լեզուն և վերջապես հայի արյունը ,որը դու կրում ես քո մեջ: -Ի՞նչ է տալիս ընթերցանությունը արտիստին:
- Առհասարակ կարդալը մեր առջև բաց է անում հարուստ գիտելիքի աշխարհը, լինի դա գեղարվեստական գրականություն ,թե քո մասնագիտության վերաբերյալ գրքեր: Մենք կարող ենք անվերջ սովորել։ Մասնագիտական գրքերը ( օրինակ դասական երգեցողության մասին) օգտակար են զուտ քո մասնագիտության համար, քանի որ յուրաքանչյուր երգիչ ունի իր գաղափարները, իր ինքնուրույն մոտեցումը : Կարդալով դու հարստացնում ես քո գիտելիքը,և վերցնում ես այն ՝ ինչը քեզ համար ընդունելի է քո երգարվեստում: Իսկ կարդալով գեղարվեստական գրականություն՝ դու ճանաչում ես աշխարհը ՝ տարբեր մարդկանց հոգեկան վիճակները:

-Ո՞րն է սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունը:
-Առհասարակ սիրո հետ կապված մեկնաբանությունները տարբեր են՝ ինչպես մարդն է տարբեր իր խառնվածքով։ Կնոջ եւ տղամարդու սիրո մեջ տարբեր մոտեցումների կարող ենք հանդիպել… Իրականում սերը շատ յուրովի և վեհ զգացում է ,որը ցավոք չի տրված շատերին զգալու և ապրելու այդ գեղեցիկը:Եթե սերդ ազնիվ և անկեղծ հիմքի վրա է, ուրեմն այն ճշմարիտ է թե՛ կնոջ , և թե՛ տղամարդու մոտ:

-Եղե՞լ են իրավիճակներ, երբ խոստովանելով Ձեր թերությունները՝ ավելի ուժեղացել եք:
-Ինչպես գիտենք մարդը կատարյալ չէ իր բնությամբ, հետևաբար լինում են նման իրավիճակներ՝ երբ գիտակցում ես, որ ունես այնպիսի խնդիր, որը դժվարանում ես ինքնուրույն լուծել , ուրեմն դու աղոթքով և հավատքով դիմում ես ԱՍՏԾՈ օգնությանը: Իսկ երբ դու գիտակցում ես քո թերությունը, դու արդեն ուժեղ ես: -Նկատելի՞ է, որ համաճարակն ու պատերազմը փոխել են հանդիսատեսին:
-Այսօրվա հանդիսատեսը հայ մարդն է, ով ունի մեծ և մասամբ անլուծելի ցավոտ խնդիրներ, և ,բնականաբար, պատերազմը և համաճարակը չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ: Տարբեր մարդկանց մոտ երաժշտություն լսելու կամ համերգասրահում գտնվելու պահանջը կապված է իր հոգեվիճակի հետ, հետևաբար մարդը իր ցավը ապրում է յուրովի՝ գտնվելով համերգասրահում կամ միայնության մեջ...
-Ըստ Ձեզ՝ երջանկությունը չափորոշիչ ունի՞:
-Իհարկե երջանիկ լինելու զգացումը տարբեր մարդկանց մոտ տարբեր է , մեկի մոտ նյութականն է, մյուսի մոտ՝ ընտանեկանը, և վերջապես տարբեր մարդիկ ունեն երջանիկ լինելու տարբեր երազանքներ: Եթե անձը ունի գոհունակության զգացում ՝ այսինքն գնահատում ես այն, ինչ ունես և քո ունեցածով բավարարված ես , սա արդեն երջանկություն է:

-Ի՞նչն է բարձրագույն արժեք Ձեզ համար:
-Բարձրագույն արժեքը իմ հայրենիքն է, որտեղ է իմ լեզուն, իմ երգը, իմ երկրի հազարամյա պատմությունը, իմ եկեղեցին և հայ մարդը՝ իր մարդկային արժեքներով և իր մարդկային հավերժ գոյությամբ:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 20177անգամ
Վերջին լուրեր