25 / Օգոստոս / 2022 : 14-12

Արտիստի միակ և հավատարիմ «ընկերը» ստեղծագործելու ցանկությունն է...

Ելակետի/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Մարինե Պետրոսյանը,որը մեզ հետ կիսեց իր խոհերը «Զուլալի» ֆիլմում մարմնավորած Աքիրի կերպարի,Տավուշի բարբառի,իմաստության և բնության ամենամեծ պարգևի մասին:
-Դերասանուհի լինելը ճակատագի՞ր է, թե՞ ընտրություն:

-Ընտրություն:Եթե դա ընտրություն չէ, մի օր ուրիշ գործով կսկսես զբաղվել,ինչպես երբեմն տեսնում ենք կյանքում: Ես սկզբում հմայված էի,սիրահարված այս մասնագիտությանը:

Հետո մասնագիտական հետաքրքրասիրությունը քեզ մղում է ինքնակրթության:

Հետո դրան գումարվում է մասնագիտական փորձառությունը:Դու անընդհատ նորից ընտրության առջև ես կանգնում,երբ ճանաչում ես գործի դժվարությունները:Ամեն մեծ դժվարության հանդիպելուց այդ հարցը տալիս ես քեզ ու նորից ընտրում:Սկզբում երևի այդքան էլ չես գիտակցում՝ ինչ ես ընտրել,բայց հետո խորապես հասկանում ես և եթե նորից ընտրում ես այդ դժվար աշխատանքը,փորձում ես արժանի լինել քո ընտրած մասնագիտությանը,պատվով տանել քո ընտրությունը:


-Ի՞նչն է դերասանի համար ամենալավ հանգստացնող միջոցը:


-Միջոցները շատ են և տարբեր:Ամեն նոր դերի հետ հնարավոր է պետք լինի օգտագործել նոր միջոց:Իսկ ընդհանրապես կարևոր է, թե դու ինքդ ինչպես ես վերաբերվում քո արածին:Եվ նաև, ըստ իս, կարևոր է, թե որքանով ես քեզ ճանաչում:Չէ՞ որ միջոցն էլ ես դու քեզ առաջարկում,կամ միջոցից օգտվողն էլ ես դու:
- «Զուլալի» ֆիլմում Դուք մարմնավորում եք Աքիրի կերպարը:Նրա բնավորության ո՞ր գծերն են Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Աքիրի դեպքում ասեմ,որ չեմ կարող կերպարի որևէ գիծ առանձնացնել:

Փորձել եմ դառնալ ինքը և վերջ:Եթե ֆիլմը շարունակվեր,դառնար բազմամասանոց, կարծում եմ,նոր գծեր ի հայտ կգային Աքիրի՝ բացի առաքինությունն ու անձնազոհությունը,հավատարմությունը,հումորը,կարող էին և շատ նոր գծեր երևալ՝ինչպես կյանքում:Երբ իրադրությունը կյանքի փոխվում է,նոր գծեր ես հայտնաբերում քեզ մոտ,որոնց մասին ինքդ էլ չգիտեիր:
-Հե՞շտ յուրացրիք Տավուշի բարբառը, կենցաղն ու վարքուբարքը:

-Հեշտ չէր,բայց անհնար էլ չէր:Դա աշխատանք է:Սիրեցի Տավուշն իր բարբառով:

Մտածում էի գնալ Տավուշում ապրել:Շատ օրգանական կատարվեց էդ ամեն ինչը:

Նկարահանման ընթացքում մի ազատ օր ունեի,ռեժիսոր Հայկ Օրդյանը առաջարկեց այդ օրը այծ կթել սովորել,խմոր հունցել տավուշցի մի կնոջ տանը:Այծ կթելն հեշտ ստացվեց,խմորն էլ հունցեցի,վառարանի վրա լավաշ թխեցի և ուղարկեցի Հայկին Օրդյան ի հավաստիացում,որ ես պատրաստ եմ:Թխածս լավաշը իմ ապացույցն էր:
-Դերասանի համար փոքր հաղթանակներն են բերում մեծ ձեռքբերումներ:
-Հաղթանակներ,ձեռքբերումներ...
Դու քո արած գործի ընթացքում արդեն գիտես քո արածի գինը:
Կարող ենք և այդպես ասել:

- Ի՞նչն է յուրաքանչյուր արտիստի միակ և հավատարիմ «ընկերը»:

-Ստեղծագործելու ցանկությունը:Երբ ցանկություն չկա ստեղծագործելու,կռիվ է սկսվում, կասկածներ են գալիս:Սովորական գործ չէ, որ մտածես՝ դե կանես էլի:
-Իմաստությունը մի՞շտ է տարիքի հետ գալիս:

-Երևի այո:Ամեն դեպքում տարբերությունը մեծ է:Երբեմն այնքան հեռու ես նախկին մտածելակերպից, այնքան հեռու ես քո նախկին կերպարից,որ զարմանում ես:

-Ի՞նչ պետք է անի արտիստը վաղվա օրը ավելի լավը դարձնելու համար:

-Ինձ համար դրա պատասխանը մեկն է՝ստեղծագործել:Ես իմ վաղվա օրն էլ եմ ցանկանում ստեղծագործել:Վաղվա օրը լավն է, եթե անելիք ունես այնտեղ: Եթե այլևս անելիք չունես այնտեղ, անցյալը ավելի լավը կթվա,ինչպես հաճախ պատահում է:

Ավելի լավը դարձնելու համար նոր ներշնչանքներ են պետք,նոր առաջարկներ:Եթե չկան նոր առաջարկներ, ես հորինում եմ դրանք,փորձում եմ ինքս ինձ նոր դեր առաջարկել,տարվել դրանով,և նկարում եմ ինձ այդտեղ:Անցյալում է,ներկայում է,թե՞ ապագայում,հորինվա՞ծ է, թե՞ իրական,կարևոր չէ:
Կարևորը՝ ստեղծագործեմ:
-Ի՞նչն է բնության ամենամեծ պարգևը մարդուն:
-Բարդ հարց է:Երևի ստեղծագործելու ունակությունը,ստեղծագործելու պահանջը:
Նայում ես քարանձավի պատերին մեր նախնիների թողած աքշխատանքները՝նկարները,հասկանում ես,որ ինքն էլ է էդ պահանջը ունեցել,բացի ապրուստի միջոց ճարելուց:Ստեղծագործելու պահանջը քեզ փոխում է,և առանձնացնում բնության մեջ գոյություն ունեցող մյուս բանական արարածներից;
Դա, իհարկե, իմ կարծիքն է:
-Ինչի՞ մասին է պատմում Ձեր երազանքի կինոն... -Մարդու մասին,կյանքի մասին,հոգու մասին, որտեղ կարևորվում է մարդը,իր ապրումները,ազնիվ ձգտումները,մեր մասին,ամենասովորական Աստծո արարածի մասին:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 27878անգամ
Վերջին լուրեր