08 / Սեպտեմբեր / 2022 : 15-03

Ցանկացած կին սիրում է ուշադրության կենտրոնում լինել... Մաշա Մատվեևա

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հայտնի հաղորդավարուհի Մաշա Մատվեևան, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը ռադիոյի, հեռուստատեսության, ճանաչված լինելու և «Women's club» հումորային նախագծում ընդգրկված լինելու մասին:
_Ինչու՞մն է ռադիոյի կախարդական ուժը:

-Ռադիոյի կախարդական ուժը ձայնն է:Ընդ որում՝ օրվա յուրաքանչյուր ժամի այն պետք է լինի տարբերվող և յուրահատուկ:Եթե առավոտյան հանգիստ է, դանդաղ ու խաղաղ,ռադիոլսողը ամենայն հավանականությամբ նորից ցանկություն կունենա քնելու,իսկ իմ նպատակը՝ որպես ռադիոհաղորդավարուհու,հենց մարդուն արթնացնելն ու նրան պոզիտիվ էներգիա հաղորդելն է: Ոչ մի նեգատիվ, քանի որ նեգատիվն առանց այդ էլ ամենուր է, միայն այն,ինչը հետաքրքիր է, ուրախացնող, ինչի մեջ սեր ու բարություն կա:


-Հեռուստատեսությո՞ւնն է Ձեզ առավել հոգեհարազատ, թե՞ ռադիոն:

-Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչն է ինձ ավելի շատ դուր գալիս: Ռադիոն իմ մանկության երազանքն է: Շատերը մանուկ հասակում երազել են հեռուստատեսության մասին, իսկ ես՝ ռադիոյի: Եվ շնորհիվ Շուշանիկ Արևշատյանի, Գոռ Գլումովի, Արամ Չախոյանի,իմ երազանքը դարձավ իրականություն:Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, եթե չլիներ «Women's club» -ի հրաշալի կազմը, հեռուստատեսությունը ինձ համար այդպես էլ կմնար երկրորդական:Ես իսկապես չեմ նայում հեռուստացույց,ընդհանրապես չեմ նայում: Այն ինձ հետաքրքիր չէ: Առաջ գոնե квн-էի նայում, հիմա դա էլ չեմ հավանում:

_Ճանաչված լինելն ավելի շատ օգնու՞մ է, թե՞ խանգարում:

-Հայտնի լինելն ինձ դուր է գալիս, և եթե ինչ-որ մեկը կտա այլ պատասխան, նշանակում է հարյուր տոկոսով ստում է: Ես սիրում եմ մանուկների փայլուն աչուկները, որոնք վազում են նկարվելու,սիրում եմ հաճոյախոսություններ լսել մարդկանցից,սիրում եմ լինել շրջապատի ուշադրության կենտրոնում:Եվ ընդհանրապես,ես կին եմ, իսկ ցանկացած կին սիրում է ուշադրության կենտրոնում լինել:

_Ի՞նչը պատճառ դարձավ, որպեսզի ներգրավվեք «Women's club» հումորային նախագծում:

-«Women's club»-ի կազմում ես ընդգրկվեցի իմ արտաքինի շնորհիվ, հատկապես թմբլիկության: Չարենցը և պրոդյուսեր Վլադ Սահակյանը փնտրում էին հետաքրքիր տիպաժներ և հետաքրքիր տիպաժներից մեկը եղա ես:

_Ի՞նչ տեղ է գրավում հումորը Ձեր կյանքում:

-Ինձ թվում է՝ առանց հումորի ապրել սկզբունքորեն անհնար է: Եթե ամեն ինչին շատ լուրջ վերաբերվես, գժանոցում կհայտնվես: Ինչքան շատ է լավ հումորը, այնքան հեշտ է ապրելը, առավել ևս մեր դժվարին ժամանակներում: Բայց ինձ միայն հումորը չի օգնում: Ինձ համար շատ կարևոր է լավ երաժշտությունը: Ինձ համար լավ, ուրիշների համար՝ սարսափ, հատկապես՝Գլումովի, ով լսում է ծանր ռոք, իսկ ինձ ուզում է սպանել այն պատճառով, որ ես սիրում եմ փոփ երաժշտություն (կատակում է)...
_Ո՞ր գրողի ստեղծագործությունն է խոր ազդեցություն թողել Ձեր ներաշխարհի վրա:
-Հարիեթ Բիչըր Սթոու «Քեռ Թոմի խրճիթը»...
Ես շատ եմ սիրում կարդալ, ինձ թվում է՝ ես ամբողջ օրը կարող եմ կարդալ:Ես վնասել եմ տեսողությունս ծածկոցի տակ կարդալով, բայց կարդալն, իսկապես, իմ թուլությունն է: Կարդալ, կարդալ ու էլի կարդալ: Իսկ թե ինչու ես մատնանշեցի հենց այս գործը, դժվարանում եմ պատասխանել, բայց առաջինը միտքս հենց այս գիրքը եկավ: Հավանաբար այն պատճառով, որ գրքում ամեն ինչի մասին խոսվում է՝ ընկերություն, սեր, նրբություն, դավաճանություն, անարդարություն: Սա իսկապես հրաշալի վեպ է, և ընթերցողը խորասուզվելով և վերլուծելով այն, չի դառնա սրիկա, գող, մարդասպան:

-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի կայացած տղամարդը:

-Տղամարդը պետք է պաշտպան լինի, հավանաբար սա ամենագլխավորն է:Եթե կինը տղամարդու հետ իրեն ապահով չի զգում,նշանակում է այդ տղամարդը գրոշի արժեք չունի: Այդ հարցում, երևի, իմ բախտը չի բերել,ես այդպիսի մեկին չեմ գտել: Չնայած ամեն ինչ դեռ առջևում է:

- Օնորե դը Բալզակը կարծում էր,թե ով ընդունակ է կառավարել կնոջը, նա նաև պետություն կկառավարի: Համամի՞տ եք:

-Բալզակը խելացի գրող է,հավանաբար նա ճիշտ է,բայց դա հայերի համար ասված չէ: Հայ կանայք, մեծամասամբ ենթարկվում են իրենց տղամարդուն, բայց երբեմն, երբ տեսնում ես, թե ով է այդ տղամարդը, ապշում ես: Ցավոք, հայ կինը ոչ միշտ է կարողանում գնահատել իրեն, իսկ եթե անհատը ինքն իրեն չի գնահատում, դժվար թե շրջապատը գնահատի:Այնպես որ , հարգելի հայ տղամարդիկ, այդպես պետք չէ: Իսկ հայ մայրերը թող սովորեցնեն իրենց որդիներին կնամեծարություն, դա ամենաարժեքավորն է , որ պետք է լինի տղամարդու մեջ:

-Ի՞նչն է զարդարում կնոջը:

-Կանացիությունը, խելացիությունը, ինքն իրեն ներկայացնելու կարողությունը: Բայց ես կարծում եմ, որ այս հարցին ավելի լավ կպատասխանի տղամարդը:

-Ի՞նչն է Ձեզ անսահման երջանկություն պարգևում:

-Իմ որդին, ծնողներս, ընկերներս, աշխատանքս, Հայաստանս...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 29588անգամ
Վերջին լուրեր